«Ժողովուրդ». Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը մեթադոն է գնել նախարարի ընտանիքի հետ կապ ունեցող ընկերությունից։ Սակայն շահերի բախում պետական որևէ օղակ չի նկատում գործընթացում։

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ՀՀ Առողջապահության նախարարության պետական գնումները, ուշագրավ մի իրավիճակ է արձանագրել․ առողջապահության նախարարի ընտանիքի հետ կապ ունեցող ընկերությունը շարունակում է պետական պատվերներ ստանալ հենց այն գերատեսչությունից, որը ղեկավարում է նախարարը։

Խոսքը վերաբերում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մորը՝ Մարգուշ Վարդանյանին պատկանող բաժնեմասին։ Վերջինս 31 տոկոս բաժնեմաս ունի «Արֆարմացիա» ընկերությունում, որը տարիներ շարունակ զբաղվում է դեղերի և բժշկական նյութերի մատակարարմամբ։

Պետական գնումներ՝ նույն գերատեսչությունից

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2025 թվականին «Արֆարմացիա» ընկերությունը պետական բյուջեից ստացել է մի քանի խոշոր վճարումներ՝ առողջապահական նյութերի և դեղերի մատակարարման շրջանակում։ Պատվիրատուն եղել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը։

Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ 2025 թվականի ընթացքում կատարվել են հետևյալ վճարումները․
• 20 հունվարի 2025 թ. – շուրջ 14 մլն դրամ,
• 20 հուլիսի 2025 թ. – շուրջ 30.6 մլն դրամ,
• 09 հոկտեմբերի 2025 թ. – շուրջ 38.5 մլն դրամ։

Այսպիսով, միայն նշված երեք գործարքների շրջանակում պետբյուջեից ընկերությանը փոխանցվել է ավելի քան 80 միլիոն դրամ։

Մատակարարված դեղերի թվում՝ մեթադոն

Գնումների փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ խոսքը վերաբերում է առողջապահական լաբորատոր նյութերի և դեղերի մատակարարմանը։ Այդ ցանկում ներառված է նաև մեթադոն՝ թմրանյութ պարունակող դեղամիջոց, որը կիրառվում է բժշկական հատուկ ծրագրերում։

Թեև պետական գնումների համակարգը նախատեսում է մրցութային ընթացակարգեր, այնուամենայնիվ նման գործարքները հաճախ բարձրացնում են շահերի հնարավոր բախման վերաբերյալ հարցեր, երբ պետական գերատեսչությունը գնումներ է կատարում ընկերությունից, որի բաժնետերերից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամ է։

Այս պարագայում խոսքը վերաբերում է այն հանգամանքին, որ պետական գնումների պատվիրատուն հենց այն կառույցն է, որը ղեկավարում է նախարարը ինքը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։