«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննչական կոմիտեն արգելանքի տակ է վերցրել պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու ընկերությանը պատկանող մի քանի մեքենաներ:
2023 թվականի օոգոստոսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացվել էր, որ կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում շարունակվում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» եւ «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթով նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ պարզվել է, որ Տ.Հ.-ն, հանդիսանալով պետական գրանցում ստացած վերոնշյալ ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ եւ փաստացի սեփականատեր, ընկերությունների միջոցով նպատակադրված լինելով պետությունից խարդախությամբ հափշտակելու առանձնապես խոշոր չափերի գումարներ՝ համաձայնության է եկել ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող բազմաթիվ ֆիզիկական անձանց հետ՝ իր ընկերության անվամբ վերջիններիս պատկանող ֆինանսական միջոցներով ավտոմեքենաներ ներկրելու եւ ԵԱՏՄ երկրներ արտահանելու հարցի շուրջ, պայմանով, որ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի հիսուն տոկոս գումարը մնալու է իրեն, որն էլ եղել է նրա օգուտը, իսկ մյուս հիսուն տոկոսը տրվելու է ֆիզիկական անձանց:
Համաձայնության շրջանակներում ֆիզիկական անձանց տրված լիազորագրերի հիման վրա՝ 2020-2023 թվականների ընթացքում ֆիզիկական անձանց կողմից ներգրավված ֆինանսական միջոցներով տարբեր երկրներից հիշյալ ընկերությունների անվամբ ներկրվել է շուրջ 8.447 տրանսպորտային միջոց, որոնց մի մասն արտահանվել է ԵԱՏՄ անդամ երկրներ, եւ դրանց վերաբերյալ առքուվաճառքի պայմանագրերում փաստացի խեղաթյուրվել են գործարքի իրական շահառուի, վաճառքի իրական գների տվյալները:
Ձեռք բերման գնից պակաս ցույց տալու արդյունքում հիշյալ ընկերությունների կողմից ՀՀ ՊԵԿ ներկայացված հաշվարկհաշվետվություններում արհեստականորեն առաջացել են 5 մլրդ. 700 մլն. ՀՀ դրամի չափով հարկային վնասներ, իսկ ԱԱՀ-ի հաշվետվություններում՝ խարդախությամբ հափշտակելու նպատակով, ձեւավորել են վերադարձման ենթակա 3 մլրդ. 868 մլն. դրամի չափով ԱԱՀ-ի դեբետային գումարներ:
Դրանք հափշտակելու նպատակով ՀՀ ՊԵԿ-ին 02.04.2021-16.11.2022 թթ. ընթացքում ներկայացվել են պարզեցված ընթացակարգով` յուրաքանչյուր դեպքում մինչեւ 40 մլն. ՀՀ դրամի սահմաններում, դեբետագրված ԱԱՀ-ի գումարները վերադարձնելու 12 դիմումներ, որոնց հիմքով՝ 12.04.2021-17.11.2022 թթ. ընթացքում ընկերությունների բանկային հաշվին փոխանցման արդյունքում խարդախությամբ հափշտակվել է միայն առանձնապես խոշոր չափերի` 406.596.400 ՀՀ դրամը:
Ընկերությունները, վերոգրյալ գործարքներն իրականացնելով, իրականում ոչ թե իրականացրել են ձեռնարկատիրական գործունեություն, այլ նպատակ են ունեցել ձեռնարկատիրական գործունեության քողի ներքո պետությունից կատարելու հափշտակություն: Դատելով իրավիճակից՝ հենց այս քրեկան գործով են զանգահարել քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, որի մասին նա հրապարակային բացահայտում արեց Ազգային ժողովում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում