«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ու նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարաբերությունները գերլարված են, ու գնալով ավելի են սրվում: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Հայկ Սարգսյանի նախագիծը՝ զինծառայողներին «բանակային մենյուի» նման, գնացուցակով բանակից ազատելու վերաբերյալ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի սրտով չէ, քանի որ Սարգսյանը համարձակվել է առանց իր հետ քննարկումներ ունենալու, համաձայնեցնելու, նախագիծ մշակել, ուղարկել Կառավարություն ու դրական եզրակացություն ստանալ:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երբ Հայկ Սարգսյանը որոշել է արդեն նախագիծը քննարկել Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովում, վերջինս Սարգսյանին հորդորել է նիստի օրակարգում չընդգրկել հարցը, մինչև ինքն ԱՄՆ-ից չվերադառնա: Սարգսյանը չի ենթարկվել Քոչարյանի հրահանգին, ու դիմելով հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանին՝ խնդրել է այն օրակարագում ընդգրկել: Անդրանիկ Քոչարյանն էլ, ԱՄՆ-ում տեղեկանալով այդ մասին, զանգահարել է Արմեն Խաչատրյանին, բղավել ու պահանջել անմիջապես չեղարկել նիստը:
Խաչատրյանը, բնականաբար, ենթարկվել է Քոչարյանին: Անգամ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, երբ եկավ ԱԺ, նրան հետ ուղարկեցին թե՝ նիստը չեղարկվում է: Երեկ արդեն Պապիկյանն անձամբ չէր էլ եկել. հայտարարվեց, որ հիվանդ է:
Ներիշխանական բախումները, կարճ ասած, խորանում են, և էլի հաղթեց Անդրանիկ Քոչարյանը: Հայկ Սարգսյանի նախագծի երկար քննարկումներից հետո Անդրանիկ Քոչարյանի ջանքերով նախագիծը բացասական եզրակացություն ստացավ, իսկ նախագծի քննարկման ողջ ընթացքն ուղեկցվում էր Քոչարյան-Սարգսյան թեժ վիճաբանություններով:
Կարճ ասած՝ հանրության ընկալման մեջ հայտնի «Շիշ բռնողը» և ՔՊ-ականներից շատերի կողմից «ծեր աղվես» որակվածը մենամարտի են ելել: Առաջին ռաունդում 1:0 է՝ հոգուտ խորամանկ կենդանու»։
Մանրամասները՝ թերթի համարում։