«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը վկայում են, որ ՀՀ Ազգային ժողովը վերջին երեք տարիներին շարունակում է զարմացնել հանրությանը իր առանձնահատուկ գնումներով։ Թեեւ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի կազմակերպած գնումները պետք է ծառայեն խորհրդարանի գործունեությանը, սակայն փաստերն այլ բան են հուշում։
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր այն մասին, որ «ՎԼՎ» խանութների ցանցից 2023-ի դեկտեմբերին ԱԺ-ն ձեռք է բերել 5 JBL ականջակալ՝ ընդհանուր 100.000 դրամ արժողությամբ։ Մնում է պարզել՝ արդյոք պատգամավորները որոշել էին ավելի լավ լսել միմյանց բոցաշունչ ելույթները, թե՞ հենց այդ ականջակալների օգնությամբ է հնարավոր «չլսել» քննադատող ընդդիմադիրներին։
Հաջորդ անակնկալը 2024-ի հունիսին գնված Hisense սառնարան-ցուցափեղկն է՝ 289.000 դրամ արժողությամբ։ Բաց հարց է մնում՝ ի՞նչ պիտի ցուցադրվի Ազգային ժողովի սառնարանում. օրենքների նախագծե՞ր, թե՞ պատգամավորական արտոնությունները, որ այդքան թանկ են գնահատվում։