Search
Close this search box.

«Ժողովուրդ». Ավինյանի գլխավորած կառույցը 25 մլրդ դրամի վնաս է տվել պետությանը. բացահայտում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2019 թվականին հետհեղափոխական Հայաստանում ստեղծվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, որը «ՀՀ-ում պոտենցիալ խոշոր ներդրողներին լիարժեք եւ համալիր խորհրդատվության եւ աջակցության միջոցով պետք է նպաստեր ՀՀ-ում ներդրումային հոսքերի ավելացմանը, ոլորտային ծրագրեր նախաձեռնելու եւ իրագործելու միջոցով՝ Հայաստանի տնտեսության ներուժի զարգացմանը եւ գիտատեխնիկական զարգացման արդյունքների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման եւ գործարար հատվածի համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծման եւ կատարելագործման գործընթացին»:
Իսկ ինչ արեց այդ կառույցը. «ձախողվեց», ինչպես խոստովանել է հենց ինքը՝ հիմնադիր Նիկոլ Փաշինյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻՖ-ի պատճառով պետությունը ոչ թե տասնյակ միլիոններ է կորցրել, այլ, ընդհանուր հաշվարկով, վնասը հասնում է 25 միլիարդ դրամի կամ մոտ 63 մլն դոլարի:

2019 թվականին, երբ ձեւավորվեց ԱՆԻՖ-ը, ոչ ոք չէր մտածի, որ այն կարող էր դառնալ ժամանակի կոռուպցիոն գործարքների որջը։

«Ժողովուրդ» օրաթերթը, ԱՆԻՖ-ի հաշվետվությունները ուսումնասիրելով, բացահայտեց, որ պետությանը ներդրումներ ապահովելու կոչված մարմնի համար 2019-2023 թվականներին ավելի քան 6 մլրդ ՀՀ դրամ է ծախսվել՝ պետբյուջեից ԱՆԻՖ-ի աշխատակիցների աշխատավարձեր, դրան հավասարեցված վճարումներ, հարկեր:

Բացի դրանից, ՀՀ Կառավարության որոշմամբ ներդրվել է գրեթե 5 մլրդ ՀՀ դրամ «Էյր Արաբիա» ընկերության հետ համատեղ հիմնված ազգային ավիափոխադրող «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի («Ֆլայ Արնա») բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով։

Այսինքն՝ 2 նախագծերի համար ընդհանուր բյուջեից ծախսվել է ավելի քան 11 մլրդ ՀՀ դրամ։

2022 թվականի հաշվետվության համաձայն՝ աշխատավարձերի ֆոնդը 1.3 մլրդ դրամ է եղել, որտեղ հիմնականում աշխատել են ուժային կառույցների աշխատակիցների բարեկամները՝ աստղաբաշխական աշխատավարձերով:

Շարունակենք շարքը.

«Ձեռնարկատեր + պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» դուստր ՓԲԸ-ի ներքո գործող Hard Rock Cafe Yerevan-ի, «Այգ-1»-ի, «Գլոբալ քոնեքթ»-ի, «Էկո ֆրեշ մաշրումս»-ի, «Սերմից ֆերմա»-ի ծրագրերի իրականացման համար ընդհանուր առմամբ պետբյուջեից հատկացվել է 10 մլրդ դրամ՝ գրեթե 25 հազար ԱՄՆ դոլար։

Եթե վերջնականացնենք այս խոշոր հաշվարկը, գումարենք ԱՆԻՖ-ի լուծարման համար հատկացված 1,7 միլիարդ դրամը, «Ֆլայ Արնա» ավիաընկերության եւ ԱՆԻՖ-ի վարչական ծախսերի համար հատկացված 11 մլրդ դրամը, «Ձեռնարկատեր + պետություն» ՓԲԸ-ի կողմից ղեկավարվող ծրագրերի համար հատկացված 10 մլրդ դրամը եւ պետական գնումների կայքում առկա ծախսերի ֆինանսական հաշվետվությունների մնացորդները (2023-ի հաշվետվությունը չկա), ապա կստացվի, որ մի կլորիկ գումար՝ մոտ 25 մլրդ դրամ՝ գրեթե 63 միլիոն ԱՄՆ դոլար է ծախսվել պետության կողմից, բայց գրեթե բոլոր ծրագրերը ձախողվել են:

Հիշեցնենք, որ ընկերության լուծարման գործըթնացը մեկնարկել էր այս տարվա գարնանը, եւ նույնիսկ լուծարման համար ՀՀ Կառավարությունը պետբյուջեից 1,7 միլիարդ դրամ ուղղեց՝ վարկերի մարման, աշխատակիցների վերջնահաշվարկի ու այլնի համար: