«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը 2025-ի դեկտեմբերի 2-ին գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 14-ի N4398-Ա հրամանով «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին» թույլ է տվել ստանալ հավելյալ 71,8 մլն դրամ՝ «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ենթամիջոցառման նպատակով: Թեեւ թվերը հուշում են մեծածավալ կատարողականի մասին՝ մոտ 4700 դեպքի, սակայն փաստաթղթերի ուսումնասիրությունը բոլորովին այլ պատկեր է ուրվագծում։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել էր, որ վճարման պահին՝ դեկտեմբերի 14-ին, «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական համակարգում չկար որեւէ տվյալ, որը կհաստատեր նման ծավալի ծառայության մատուցումը։ Համակարգում գրառումները հայտնվել են միայն երկու օր անց՝ դեկտեմբերի 16-ին, եւ դրանք ներկայացված էին մեկ ընդհանուր՝ «3102000» ծածկագրով, առանց հիվանդների, առանց ուղեգրերի, առանց որեւէ բժշկական փաստաթղթի։
Այլ կերպ ասած՝ պետությունը վճարել է ծառայության համար, որը փաստացի չի գրանցվել։
Բուժհաստատության ներկայացրած պաշտոնական հայտը ներառում էր միայն երկու ծառայություն՝
– Հեպատիտ C ՊՇՌ (որակական),
– Հեպատիտ C ՊՇՌ (քանակական)։
Այս ծառայությունների ընդհանուր տարեկան կատարողականը կազմել է ընդամենը 15 000 դրամ։ Ի հակադրություն՝ ներկայացվել եւ փոխհատուցվել է 71,8 միլիոն դրամ, այսինքն՝ ավելի քան 4700 անգամ գերազանցող գումար։ Մինչդեռ ներկայացված 71,8 մլն դրամի չափով «դեպքերը» չունեն որեւէ ապացույց՝
– ոչ անձնավորված տվյալներ,
– ոչ ծառայություն ստացողներ,
– ոչ ուղեգրեր,
– ոչ բժշկական հրամաններ։
Սա նշանակում է, որ 62 միլիոնից ավելի դրամի ծառայություններ երբեք չեն մատուցվել, սակայն ֆինանսավորվել են։
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը հաղորդում էր ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե ենթադրյալ հանցանքի մասին: Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրին, որ մեր հոդվածը և ուղարկված փաստաթղթերը կցվել են ՔՈՎԻԴ-ի չարաշահումների քրեական գործին»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




