«Ժողովուրդ».54,4 մլն դրամի բնակարան, 2015–ին նվեր ստացած բնակարան, 21 մլն եկամուտ․ ինչ է հայտարարագրել Լենա Նանուշյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականի հունվարի 26-ին՝ ճիշտ այն ժամանակ, երբ Արսեն Թորոսյանին հունվարի 18-ից փոխարինում էր ներկայիս նախարարը՝ Անահիտ Ավանեսյանը։

Հարկ է նշել, որ Նանուշյանն այն իշխանականներից է, որ հեղափոխությունից հետո նոր տուն է ձեռք բերել։

4 տարիների պաշտոնավարման ընթացքում Նանուշյանը քիչ եկամուտ չի դիզել։ Նա 2022 թվականին ձեռք է բերել բնակարան «Սկայ բիլդինգ» ՍՊԸ-ից՝ 54 մլն 474 հազար դրամ արժողությամբ։ «Սկայ Բիլդինգ» ՍՊԸ-ի գործունեությունը, ըստ մամուլում տարածված լուրերի, 2022 թվականի մարտին միացման եղանակով դադարեցվել է։

Ընկերությունը միավորվել է հանքարդյունաբերության և բնակելի շենքերի շինարարության ոլորտներում հայտնի «ՄԼ Մայնինգ» ընկերության հետ, որը պատկանում է Հատուկ քննչական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանին:

Փոխնախարար Նանուշյանն արդեն մի քանի տարի է հայտարարագրում է բնակարան, որը նվիրատվություն է ստացել 2015 թվականի հոկտեմբեր ամսին։

Ըստ Լենա Նանուշյանի՝ 2024 թվականին ներկայացրած գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ նրա բանկային ավանդները կազմել են 7 մլն դրամ։

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 48 հազար դրամ և 20 հազար 862 դոլար։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21 մլն 641 հազար դրամ, որից 16 մլն 932 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ առողջապահության նախարարությունից, 3 մլն 708 հազար դրամը, ըստ հայտարարագրի, եկամտային հարկի վերադարձ է, որը, սակայն, տալիս է ոչ թե նախարարությունը, այլ կա՛մ ՊԵԿ-ը, կա՛մ ՀՀ ֆինանսների նախարարությունը։

Նանուշյանը 1 մլն դրամ, որպես այլ եկամուտ, ստացել է Մարինա Խաչատրյանից։

Ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32 մլն 101 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Հետաքրքիր մեկ հանգամանք ևս կա, որ Լենա Նանուշյանի ամուսինը՝ Արթուր Մխիթարյանը հանդիսանում է «Փարվանա» ռեստորանային համալիրի տնօրենը և, ըստ հայտարարագրի, 1995 թվականից 40% մասնակցություն ունի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։