«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության, ինչպես նաև գործարար նվիրատուների վրա։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 16 մլն դրամից ավել է ծախսվել այդ շոու-երեկոյի վրա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին սոցիալական ցանցերում ակտիվորեն հրապարակում էր տեսանյութեր՝ հարվածային գործիքներ նվագելով։ Նրա սրտիկները ուղեկցվում էին ոչ միայն Զեմֆիրայի, Maroon 5-ի, Eminem-ի և այլ արտիստների երգերով, այլ նաև հայտնի արտիստների երգերով՝ իր նվագակցությամբ։ Փաշինյանը հարվածային գործիքներ էր նվագում, իսկ ավելի ուշ իր իսկ կազմավորած երաժշտական բենդի մասին հայտնեց և հրավիրեց «Վարչաբենդի» առաջին համերգին։
Ովքեր մասնակցեցին Փաշինյանի կազմավորած երաժշտական խմբի՝ «Վարչաբենդի» համերգին։ Նա հրավիրեց թիմակիցներին ու նախապես մանրակրկիտ ուսումնասիրված և գրանցված մասնակիցներին՝ հունվարի 30-ին Ջրվեժում գտնվող Palladium Hall-ում վայելելու «Վարչաբենդի» առաջին փակ ելույթը։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ պարզելու միջոցառման ֆինանսավորման աղբյուրն ու ծախսերի չափը։ Տեղեկացրեցին, որ «Վարչաբենդի» հետ կապված բոլոր ծախսերը իրականացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս հարցով ArmLur.am-ը պաշտոնական հարցում է ուղարկել կուսակցությանը, որի պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք։
Մինչ այդ ArmLur.am-ը լրագրողական հետաքննության շրջանակում կապ հաստատեց Palladium Hall-ի հետ՝ չներկայանալով որպես լրագրող, և պարզեց սրահում միջոցառում անցկացնելու սակագները։
Մասնավորապես, մինչև 500 անձի համար նախատեսված սրահի դեպքում մեկ մասնակցի արժեքը սկսվում է 27 հազար դրամից։ Այս հաշվարկով միայն սրահի սպասարկման արժեքը կարող է կազմել մոտ 13,5 մլն դրամ։
Բացի այդ, սրահում երաժշտական գործիքների օգտագործման համար սահմանված է առանձին վճար՝ 600 հազար դրամ՝ անկախ նրանից, թե խումբը ով է ներկայացնում։ Սրահում առկա 18 հոգանոց երաժշտական խմբի ծառայության արժեքը կազմում է ևս 1 մլն դրամ, որի համար ևս վճարելը պարտադիր է։ Այսպիսով՝ միայն երաժշտական ապահովման համար անհրաժեշտ է շուրջ 1,6 մլն դրամ։
Միասին դարձավ 15,1 մլն դրամ կամ մոտ 40 հազար ԱՄՆ դոլար՝ մոտ 500 մասնակցի դեպքում։ Այս արժեքն իր մեջ ներառում է բարձր կարգի օղի, մրգեր, զովացուցիչ ըմպելիքներ, 10 տարեկան «Ախթամար» կոնյակ, 4 տեսակի աղցան, 2 տեսակի տաք ուտեստ, նախուտեստներ։
Եթե համեմատենք Նիկոլ Փաշինյանի բենդի ծախսած թիվը, պետք է նկատենք, որ այն միաժամանակ կարող էր ծածկել մոտ 300 մարդու մեկ ամսվա միջինը։
Բայց քանի որ կարող է Փաշինյանը մեկ օրում մոտ 40 հազար ԱՄՆ դոլար պարգևավճար ստանալ ՀՀ պետբյուջեից, ուրեմն օրինաչափ է, որ մեկ օրվա խնջույքի համար 21,7 տոկոս աղքատություն ունեցող մեր երկրում կարող է վարչապետը ծախսել»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




