«Ժողովուրդ». 2 անշարժ գույք, 3.5 մլն կանխիկ. Արսեն Թորոսյանի մտերիմ ընկեր Արտյոմ Սմբատյանի հայտարարագրի հետքերով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտյոմ Սմբատյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել 2026 թվականի հունվարի 26-ի որոշմամբ։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Միասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնը։

Սմբատյանի կենսագրության համաձայն՝ նա 2021 թվականի օգոստոսից մինչև 2024 թվականի փետրվար եղել է ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, իսկ 2019 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի օգոստոս՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ։

Կապը Արսեն Թորոսյանի հետ

Արտյոմ Սմբատյանը Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն ու բարեկամն է, ինչը նշանակում է, որ ԽԾԲ (խնամի-ծանոթ-բարեկամ) եզրույթը մերժած ՔՊ-ական Արսեն Թորոսյանը և՛ Առողջապահության, և՛ Սոցապ նախարարությունում իր զբաղեցրած պաշտոնների ընթացքում Սմբատյանին իր ենթակայության տակ տարբեր պաշտոններում է նշանակել։ Հիշեցնենք, որ «Թորոսյան և Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները, և անկազմակերպվածության պատճառով խլվեցին կյանքեր, որի առիթով հարուցված քրեական վարույթի քննությունը առ այսօր շարունակվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։

Անշարժ գույք

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Սմբատյանի 2025 թվականի հայտարարագիրը և պարզեց, որ նորանշանակ նախարարի առաջին տեղակալը հայտարարագրել է երկու անշարժ գույք։ Դրանցից մեկը բնակարան է Երևանի Էրեբունի վարչական շրջանում, որը ստացել է նվիրատվությամբ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին, ում կողմից, ինչի դիմաց, չի նշվում։ Հայտարարագրված է նաև փաստացի տիրապետվող գույք Երևանի Կենտրոն վարչական շրջանում, սակայն դրա վերաբերյալ հավելյալ տվյալներ չեն ներկայացվել։ Փոխնախարարը տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ արտերկրում գտնվող, հայտարարագրում նշված չեն։

Ֆինանսական միջոցներ և եկամուտներ

Հայտարարագրում նշվում է, որ «Սահակյանշին» ՓԲԸ-ն հանդիսանում է պարտապան՝ 31,244,000 դրամի չափով։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 30,486,655 դրամ, սակայն դրանց ծագման աղբյուրը չի մանրամասնվել։ Պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ առկա կանխիկ դրամը կազմել է 3,415,000 դրամ։

Հաշվետու ժամանակաշրջանի եկամուտները կազմել են ընդհանուր 17,144,308 դրամ, որից 1,327,320 դրամը եկամտային հարկի վերադարձ է ՀՀ ֆինանսների նախարարությունից, իսկ 15,816,988 դրամը՝ աշխատանքի վարձատրություն «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ից։ Այսինքն՝ մինչև փոխնախարար դառնալը մասնավոր ոլորտում է աշխատել։

Միևնույն ժամանակ, ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 16,143,266 դրամ։ Հիպոտեկի առարկան Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 13 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի 102.6 քմ մակերեսով նախագծային բնակարանն է։

Հնարավոր հարցադրումներ

Հայտարարագրի տվյալների համադրությունը մի շարք հարցեր է առաջացնում։ Մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանում փաստացի տիրապետվող գույքի վերաբերյալ մանրամասների բացակայությունը, ինչպես նաև բանկային միջոցների ծագման աղբյուրի չնշումը կարող են պահանջել լրացուցիչ պարզաբանումներ։ Բացի այդ, զգալի դրամական միջոցների առկայությունը ֆինանսական հոսքերի վերաբերյալ հարցադրումների տեղիք են տալիս։

Հավելենք, որ Սմբատյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։