«Զանգեզուրի միջանցքի» իրականացման շրջանակներում ավտոմոբիլային ճանապարհը պատրաստ է գրեթե 90 տոկոսով, իսկ երկաթուղին՝ մոտ 70 տոկոսով։ Այս մասին Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների/փոխնախագահների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով որ այսօր կազմակերպության երկրների օրակարգային հարցերից մեկը տրանսպորտի, լոգիստիկայի և տարանցիկ հնարավորությունների ընդլայնումն է։
«Հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում Միջին միջանցքը, Անդրկասպյան միջանցքը, Զանգեզուրի միջանցքը և այս ուղղությամբ այլ նախագծեր ձեռք են բերում էլ ավելի մեծ նշանակություն։ Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի նախագծին, ապա ավտոմոբիլային ճանապարհը գրեթե 90%-ով ավարտված է, իսկ երկաթուղին՝ մոտավորապես 70%-ով։ Հուսով եմ, որ այս նախագիծը մոտ ապագայում ամբողջովին կիրականացվի», — նշել է Ալիևը։
Նա ուրախալի է համարել նաև այն փաստը, որ Թուրքիայում սկսվել է Կարս-Նախիջևան երկաթուղու շինարարությունը:





