Երեկոյի լույսն ու ջերմությունը դեռ չեն մարել։ Մշակութային երկնակամարը ողողված էր գրականության շնչով՝ Մարգարիտ Դերանցի յոթ գրքերի շնորհանդեսի առիթով, որը տեղի ունեցավ ս. թ. փետրվարի 24- ին, Burbank- ի առաջնորդարանում, գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս ՏԷրտէրեանի հովանավորությամբ։
Այս յոթ գրքերը, ինչպես յոթ աստղ, վառվեցին դառնալով նոր լուսատուներ գրականության աշխարհում։ Մարգարիտ Դերանցի ստեղծագործական ուղին վաղուց է ճանաչված, գնահատված ու սիրված ընթերցողների կողմից, սակայն այս երեկոն դարձավ մի նոր հաստատում նրա նվիրվածության՝ բառի, գրականության և մտքի հանդեպ։ Հանդիսությունն անցավ ջերմ ու բարձր մակարդակով, որտեղ հասարակական գործիչներ, գրական աշխարհի ներկայացուցիչներ, մտավորականներն ու արվեստագետները արժևորեցին նրա գրական ներդրումը։
«Յոթ որդով սեղան նստես»՝ ասում է ժողովրդական ասացվածքը, իսկ ՄարգարիտԴերանցն այս երեկոյին «նստեց» ընթերցասեր հանրության սեղանին՝ իր յոթ գրքերով, որոնք արժանացան գրական շրջանակների ու մտավորականների բարձր գնահատանքին։ Ելույթ ունեցան արտակարգ և լիազոր դեսպան՝ Արմեն Բայբուրդյանը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Ծերուն Թադևոսյանը, բանասիրական գիտությունների թեկնածու դոցենտ Նորայր Պողոսյանը, բանասեր-մշակութային գործիչ Րաֆֆի Մելքոնյանը, հայտնի դաշնակարուհի՝ Սուսաննա Տարոնցին, արցախյան ակունքներով արվեստագետ՝ Անահիտ Իշխանյանը, ասմունքող, դերասան ՝ Ռաֆֆի Սարյանը, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող դասական հանրաճանաչ երգչուհի Անահիտ Ներսիսյանը, ինչպես նաև դերասաններ, ասմունքողներ, գրողներ, վերլուծաբաններ և ընթերցողներ, որոնց հոգումԴերանցի գրքերը թողել են անմոռաց հետք։
Երեկոյի ընթացքում հնչեցին շնորհակալական ու բարձր գնահատանքի խոսքեր՝ ուղղված գրողին։ Նշենք, որ Մարգարիտ Դերանցի անգլերենով թարգմանված «Սեր լուսնեզրին» վեպը անգլերենով թարգմանված «Love on the Moonedge» խորագրով գիրքը 2023թ. մասնակցելով American Book Fest մրցանակաբաշխությանը դուրս է եկել եզրափակիչ փուլ` պատմական սիրավեպ ժանրում: 2023 թ. ռուսերենով թարգմանվել է «Սեր և էմիգրացիա» գիրքը, որը լույս է տեսել «ЛЮБОВЬ ЭМИГРАНТКИ» խորագրով, և արժանացել է ռուս գրաքննադատների ուշադրությանը և գնահատանքին։ Հայրենիքի, հայի ապագայի հանդեպ խոր ապրումներից, տագնապից ծնված Արցախի պատմության վերջին մեկ դարի և արցախյան աշխարհամարտերին նվիրված «Գմբեթավոր Հովանոցը» վեպը 2024 թ. Հայաստանի Գրողների Միության ամենամյա գրական մրցանակաբաշխությունում արժանացել է Ե. Չարենցի անվան մրցանակի, իսկ Ստեփան Ալաջաջյանի վեպերի մրցույթում դարձել է մրցանակակիր։ Իսկ « Ավետյաց Երկիր» պատմվածքը Հայաստանի Գրողների Միության պատմվածքի գրական մրցույթում գրավել է երկրորդ պատվավոր տեղը։ 2025թ հունվարին ռուսական հեղինակավոր Литературная газета ամսագրիրը, ըստ «21-րդ դարի գրականության ժառանգությունը» ամենամյա մրցույթի, որը տեղի է ունեցել 2024 թ. Ռուսաստանի Դաշնությունում, Մարգարիտ Դերանցն արժանացել է «Աշխարհի գրիչ» տարվա գրան-պրի մրցանակին` գրականության միջոցով միջազգային երկխոսության ամրապնդման և ինքնատիպ ոճի համար։
Նրա ստեղծագործությունները ոչ միայն հուզում են, այլև ներշնչում, խթանում են մտորումները և նոր լույս են վառում ընթերցողների հոգիներում։ Գրական երեկոյի վերջում արվեստագիտության դոկտոր՝ Մարատ Հայրապետյանը ՄարգարիտԴերանցին հանձնեց Ամերիկայի Սենատի և Գլենդելի քաղաքապետարանի բարձրագույն պարգևները։
Երեկոն ավարտվեց գերաշնորհ սրբազան ՏերՀովնան Արքեպիսկոպես Տէրտէրեանի հոգեպարար աղոթքով և օրհնությամբ։
Ընթերցեք տիկին Մարգարիտ Դերանցի գրքերը.դրանք մեր բարդ օրերի, մարդկային բազմաշերտ փոխհարաբերությունների գեղարվեստական հրաշալի հյուսվածքներ են, որոնց էջերում նորովի են բացահայտվում մեր կյանքը, Հայրենիքն ու սփյուռքը, կինն ուտղամարդը, նրանց հոգեկան աշխարհի բազմերանգ գույները, լույսն ու խավարը, կարոտի շերտերը, անձնազոհ սիրո խորհուրդը, հայրենի հողից ու ջրից կտրված հայ էմիգրանտի մշուշված ներկան ու ապագան։
Մարգարիտ Դերանցի յոթ գրքերը, որպես յոթ լուսատուներ նոր ճանապարհ են հարթում՝ դեպի նոր գրքեր, նոր հաջողություններ ու նոր բարձունքներ։ Գրողի խոսքը շարունակում է հնչել, դառնալով ոգեշնչման աղբյուր ու հավերժ մնալով ընթերցողների սրտերում։
ԱՐԻՍ ՔԱՐԱՄՅԱՆ