Ընդդիմադիրների՝ տրանսպորտի գնի դեմ ուղղված ակցիաների արդյունքում ունենք տրանսպորտի վարձավճարի թերակատարում, ինչի արդյունքում խոստացած 45 տրոլեյբուսից առնվազն 30-ը հնարավորություն չկա գնելու, թերհավաքագրումը կբերի նրան, որ 15-ն էլ չենք կարողանա ձեռք բերել: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Փետրվար ամսից մեր ընդդիմադիր գործընկերների ջանքերով հասարակական տրանսպորտում ստեղծվեց մի անհասկանալի և ինչ-որ չափով նաև անկառավարելի վիճակ: Հասցրել է մի կետի, որ արդեն ներկայիս հինգ ամիսների ընթացքում, փաստացի, Երևանի քաղաքապետարանի կողմից, այսինքն Երևանի ավտոբուս ՓԲԸ, Մետրոպոլիտեն, նաև էլեկտրական ավտոբուս ՓԲԸ-ների կողմից, ընդհանուր հաշվով հավաքագրվել է շուրջ 6 միլիարդ 30 միլիոն դրամ»,- ասաց նա։
Կոստանյանը նշեց, որ այս թվերն առաջին հայացքից ոչինչ չեն ասում, բայց հաշվի առնելով այն պատկերը, որ կա և թե հետագայում ինչ է լինելու իրենք չեն կարողանալու ձեռք բերեն խոստացած տրասնպորտային միջոցները:
«Այսպես ասած այդ ակցիաների արդյունքում, որ մարդկանց ամեն կերպ համոզում էին, որ իրենք չվճարեն, ասելով, որ գինը անիմաստ է բարձրացել, 100 դրամ պետք է մնար, 100 դրամով կարելի էր նման տրանսպորտային համակարգը պատշաճ ձևով սպասարկել, մենք հիմա ունենք մի իրավիճակ, երբ որ այս տարի Երևանի քաղաքապետարանը նախատեսել էր և հայտարարել էր, որ ձեռք է բերելու շուրջ 45 տրոլեյբուս, նախորդ տարի 15-ն էինք ձեռք բերել, բանից պարզվում է, որ արդեն այդ 45-ից 30-ը առնվազն հնարավորություն չի լինելու առնել: Թերհավաքագրումները բերել է նրան, որ այդ 30 նոր տրոլեյբուսները, որը որ պետք է լիներ 45-ի մեջ, արդեն 30-ը դուրս է եկել ցանկից։
Նման տեմպերով եթե շարունակվի հավաքագրումները, չի բացառվում, որ այդ 15 տրոլեյբուսն էլ Երևանի քաղաքապետարանը չկարողանա ձեռք բերել, ինչը մեր ընդդիմադիր գործընկերներին հերթական առիթ, իհարկե, կտա ասելու, որ տեսեք, հայտարարեցին 45-ը, բայց ոչ այն 30-ը բերեցին, ոչ էլ 15-ն են կարողանալու բերել»,- հայտարարեց նա: