ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցից հետո Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կրկնվող հայտարարությունները Հարավային Կովկասում հաղորդակցության երթուղու վերաբերյալ պահանջում են ռուս պաշտոնյաների համար Իրանի որոշ սկզբունքների հստակ շեշտադրում: Այս մասին գրում է իրանական Tasnim գործակալությունը՝ հրապարակելով «Խորհուրդ ռուսներին՝ Զանգեզուրի հետ կապված. երևակայական միջանցքը չի ստեղծվելու» վերտառությամբ հոդվածը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օրերս ասել էր, որ Մոսկվան կողմ է «Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը, հաղորդակցությունների արգելափակման վերացմանը»: Նա նաև ասել էր, որ «Սյունիքի մարզով հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում խոչընդոտում է ՀՀ ղեկավարությունը»:
Tasnim-ը նկատում է, որ ՌԴ ԱԳ նախարարի այս դիրքորոշումը ԶԼՄ-ներում տարաբնույթ մեկնաբանությունների և շահարկումների առիթ է տվել «Զանգեզուրի միջանցքը» բացելու Մոսկվայի ցանկության առնչությամբ:
Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների հետ տարբեր հանդիպումներում բազմիցս հայտարարել են Թեհրանի բացահայտ հակազդեցության մասին այս միջանցքին, որն աշխարհաքաղաքական փոփոխությունների կբերի սահմաններում և տարածաշրջանում, գրում է աղբյուրը։
«Ռուսաստանի նման դիրքորոշման նկատմամբ զգայունությունն ավելի է սրվել ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի վերջին հայտարարություններից հետո։ Նա իր խոսքում ասել էր, որ Զանգեզուրի երթուղին կարող է Սյունիքի մարզով Ադրբեջանի հիմնական տարածքը կապել Նախիջևանի հետ, և որ երթուղու ապաշրջափակման հարցն անպայման կքննարկվի Հայաստանի հետ եռակողմ խաղաղ բանակցությունների շրջանակներում։ Պատասխանելով Իրանի դիրքորոշման մասին հարցին՝ Զախարովան լրագրողներին ասել էր. «Մենք տեսել ենք իրանական կողմի մտահոգությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, ուստի պարզաբանումների համար պետք է դիմել Թեհրանին։ Բայց Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում միանգամայն հաստակ է։ Մենք գործում ենք՝ ելնելով նրանից, որ լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի հարևանների համար»։
Վերջին քննարկումներից հետո Իրանը դիվանագիտական միջոցներ է ձեռնարկել ռուսական կողմին անհրաժեշտ ուղերձը փոխանցելու համար, իսկ արտաքին գործերի նախարարի օգնական և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն Թեհրանում ՌԴ դեսպանին (Ալեքսեյ Դեդովին) նախարարություն է կանչել», — գրում է Tasnim-ը:
Հոդվածում նաև ասվում է, որ ըստ իրազեկ աղբյուրների, ՌԴ-ում Իրանի դեսպանը նույնպես հայտարարել էր Թեհրանի բողոքի մասին՝ ընդդեմ ՌԴ արտգործնախարարության դիրքորոշումների։
«Ռուսաստանի իշխանություններին հարկ է հիշեցնել մի քանի կետ.
Նախ՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություններ արեց, որոնք հակասում էին Իրանի սպասումներին: Ռուսները մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով և բազմաթիվ առիթներով լավ տեղեկացված են եղել Իրանի հստակ և ճիշտ դիրքորոշման մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ցանկացած տեսակի միջանցքի, լինի Զանգեզուրը, թե ուրիշը, որը կկապի Նախիջևանն Ադրբեջանին: Ուստի այս դիրքորոշումը անակնկալի բերող և ապշեցնող է:
Իրանն անվտանգության տեսանկյունից չի ընդունում որևէ փոփոխություն իր սահմաններում: Չկա այնպիսի կանոն, ըստ որի՝Հարավային Կովկասի երկրներից որևէ մեկի անվտանգությունն ու աշխարհաքաղաքական դիրքն առավելություն չունեն մյուսների նկատմամբ: Ուրեմն ինչո՞ւ են մեր ռուս ընկերները կարծում, որ պետք է օգտագործեն «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հետ իրենց խնդիրները լուծելու համար։ Թվում է, թե ՌԴ ԱԳՆ-ն մոլորության մեջ է և կարծում է, որ իրեն ձեռնտու է լուծել Հայաստանի հետ իր խնդիրը՝ օգտագործելով երևակայական «Զանգեզուրի միջանցքը», որը, իհարկե, չի ստեղծվի Իրանի հակազդեցության շնորհիվ: «Զանգեզուրի միջանցքի» բացումը նշանակում է դեպի Եվրոպա Իրանի դարպասներից մեկի փակում և Իրանի Իսլամական Հանրապետության հարևանների թիվը 15-ից 14-ի կրճատում։
Հաշվի առնելով «ռազմավարական հարաբերությունների» հայեցակարգը, որին ձգտում են Իրանը և Ռուսաստանը, նման մարտավարական քայլերի ձեռնարկումը հակասում է ռազմավարական հարաբերությունների սկզբունքներին… Եթե որևէ երկիր կարծում է, որ կարող է իր խնդիրները լուծել սահմաններից դուրս՝ ուրիշների հաշվին բացելով հակամարտությունների նոր ճակատ, ապա աշխարհում ոչ մի տեղ ապահով չի լինի, և աշխարհը կհայտնվի մշտական քաոսի մեջ։
», — նշվում է հոդվածում: