Խոնարհում և հարգանք որդեկորույս մայրերին, որոնց որդիներն իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայրենիքի․գեներալ-մայոր Արշակ Կարապետյան

Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր․

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ և երախտագետ սրտով մեծարում Ձեր նվիրյալ ու սիրառատ ջանքերը ընտանեկան կյանքի բարօրության ապահովման գործում, ինչպես նաև՝ գովարժան ավանդը պետական ու հասարակական կյանքի տարբեր ասպարեզներում:
Սիրելի մայրեր և քույրեր, ընտանիքին ու հայրենիքին Ձեր նվիրումով են պահպանվում և սերնդեսերունդ փոխանցվում մեր ազգային ավանդույթները, Ձեր հոգատար դաստիարակությամբ են հասակ առնում ազգի և Եկեղեցու արժանավոր զավակները, ովքեր մեր պատմության վճռորոշ հանգրվաններում, ինչպես նաև արցախյան պատերազմի օրերին և ներկայիս, իրենց սխրանքներով ու անձնազոհությամբ հերոսանում են հայրենյաց պաշտպանության սրբազան առաքելության մեջ։
Այս տոնը մեր հանրությունը նշում է յուրօրինակ ջերմությամբ և գնահատանքով, ինչը վկայում է Ձեր անգնահատելի դերի ու ներդրման մասին և Ձեր որդիների, ամուսինների, հայրերի ու եղբայրների անսահման սիրո դրսևորումն է: Մաղթում եմ Ձեզ անսպառ ընտանեկան երջանկություն և չխամրող գեղեցկություն:
Սիրելի կանայք, Կանանց միջազգային օրը բոլորիս համար առիթ է, որպեսզի մենք հաստատենք մեր պատրաստակամությունը՝ կերտել հավասար իրավունքների և հնարավորությունների հասարակություն:
Դուք այս աշխարհը լցնում եք ներդաշնակությամբ, քնքշությամբ ու սիրով։ Աներևակայելի ներուժ ունեցող մարդիկ են կանայք։ Ուրախությամբ արձանագրենք, որ այսօր կանայք մեր երկրում ներգրավված են ամենատարբեր ասպարեզներում՝ կրթական ոլորտից, մինչև դատական համակարգ և Զինված ուժեր։
Խոնարհում և հարգանք որդեկորույս մայրերին, որոնց որդիներն իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայրենիքի։ Խոնարհվում ենք պատերազմում այրիացած կանանց առաջ, որոնք իրենց ուսերին կրելով գլխատված ընտանիքների հոգսի ծանրությունը, իրենց զավակներին կոչում են ապրելու, կրթվելու, հաղթահարելու ճակատագրի բոլոր դժվարությունները։ Խոնարհում այն մայրերին, որոնց որդիներն ու ամուսինները, չնայած գտնվում են գերության մեջ, առ այսօր շարունակում են իրենց պայքարը, ինչպես նաև այն մայրերին ու կանանց, ում որդիներն ու ամուսինները համարվում են անհայտ կորած։ Ուժ ու համբերություն Ձեզ։
Ամենաջերմ մաղթանքներս զինվորների մայրերին և քույրերին, զինծառայողների կանանց ու դուստրերին, առանձնահատուկ ակնածանքի խոսքեր Հայրենիքի պաշտպանությանը ծառայող մեր քույրերին:
Այդքանով հանդերձ, Դուք մնում եք ազգի հիմքը կազմող ավանդական ընտանիքի հենասյունը, իսկ ամենաուժեղ, ամենամաքուր, ամենաանշահախնդիր զգացումը մայրական անվերապահ սերն է։ Դուք անմնացորդ նվիրվում եք Ձեր երեխաներին, ամենայն ուշադրությամբ զբաղվում նրանց դաստիարակությամբ։
Սիրելիներս,
Մարտի 8-ը մեզ համար առիթ է՝ արտահայտելու մեր երախտագիտությունը Ձեզ և վերահաստատելու մեր պատրաստակամությունը՝ անելու ավելին հանուն մեր մայրերի, մեր կանանց, քույրերի ու դուստրերի։ Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն, անձնական ու ընտանեկան երջանկություն։ Թող գարնանային շունչը չլքի Ձեզ, և Ձեր գործընկերների, ընտանիքի և սիրելիների խնամքը, ուշադրությունն ու անսահման սերը միշտ շրջապատեն Ձեզ, հաջողություններն ուղեկցեն Ձեր բոլոր ձեռնարկումներում։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ
գեներալ-մայոր Արշակ Կարապետյան

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։