Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը, սակայն փաստաթղթի 17 կետերից 2-ը շարունակում են մնալ չհամաձայնեցված։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Փաստաթղթի չհամաձայնեցված երկու կետերը շարունակում են մնալ նույն չհամաձայնեցված երկու կետերը: Այնտեղ կան բազմաթիվ շերտեր, նյուանսներ, պարբերություններն անսահմանափակ չեն, և ասել` մերժել է կամ չի մերժել, ընդունել է չի ընդունել, մի քիչ հարաբերական է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ մասնավորապես, կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել սահմանին եվրադիտորդների հարցում։
Փաշինյանն ընդգծեց, որ չհամաձայնեցված երկու հոդվածներից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայմանը և մյուսը՝ միջազգային ատյաններում իրավական և այլ դիվանագիտական վեճերին, բանավեճերին»:
Անդրադառնալով հարցին՝ խաղաղության պայմանագրում Սահմանադրության փոփոխության և միջանցքի վերաբերյալ հարցերին անդրադարձ կա՞, Փաշինյանն արձագանքեց. «Խաղաղության պայմանագրի նախագծում ձեր նշած հարցերի վերաբերյալ անդրադարձ չկա»։