Արտաքին գործերի նախարարությունից չեն պատասխանում՝ արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ԵՄ դիտորդական առաքելությունը դուրս կբերվի սահմանից, թե` ոչ: ԱԳ նախարարությունից Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Հայաստանում ԵՄ մշտական դիտորդական առաքելությունը ներկայումս շարունակում է իր բնականոն գործունեությունը։ «Ձեր նշած հարցին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին հայտարարվելու հաջորդ օրը՝ մարտի 14-ին, ԱԺ արտաքին հաաբերությունների մշտական հանձնաժողովում կայացած քննարկման ժամանակ՝ նշելով, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, վավերացվի և մտնի ուժի մեջ, մենք Եվրոպական միության գործընկերների հետ քաղաքացիական առաքելության համագործակցության մասով, ընդունելի, փոխշահավետ լուծումներ կգտնենք»,- պատասխանել են ԱԳՆ-ից։ Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակը հայտարարել էր, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում կշարունակի իր գործունեությունը, և դրա մանդատի հնարավոր փոփոխությունները կքննարկվեն Երևանի ու Բրյուսելի միջև։ ԵՄ քաղաքացիական դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարի 20-ին։ Այս տարվա հունվարին որոշում ընդունվեց, ըստ որի եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027-ի փետրվարի 19-ը։ Նշենք, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված Խաղաղության պայմանագրի 7-րդ հոդվածով կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի։ Կողմերը, մինչև իրենց փոխադարձ սահմանի սահմանազատումը և դրան հաջորդող սահմանագծումը,կիրականացնեն անվտանգության և վստահության ամրապնդման փոխհամաձայնեցված միջոցներ, այդ թվում՝ ռազմական ոլորտում՝ սահմանամերձ շրջաններում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո սահմանից ռուս սահմանապահների դուրսբերմանը, արտգործնախարարությունից պարզաբանել են, որ ՀՀ կառավարությունը շարունակական քայլեր է իրականացնում ՀՀ պետական սահմաններին սահմանապահ ծառայությունների ինստիտուտիցիոնալ կարողությունների ամրապնդման ուղղությամբ: Նախարարությունից նաև հավելել են, որ ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Իրան սահմանների երկայնքով ՌԴ սահմանապահնների տեղակայման հարցը կարգավորվում է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և նրանց կենսագործունեության պայմանների մասին 1992 թվականի պայմանագրով։