Search
Close this search box.

Վստահ եմ, որ Հայաստանի համար աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների շահերի խաչմերուկում հայտնվելը և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն․ Սերժ Սարգսյան

Մերի Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է 2009 և 2018 թվականներին Մյունխենի անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովում Սերժ Սարգսյանի ելույթներից հատվածներ՝ գրելով.

«Արդիական

«Եթե թերթենք պատմության էջերը, ապա ակնհայտ կդառնա, որ գերտերություններն ու կայսրությունները պատմականորեն լուրջ հավակնություններ են ունեցել երկրագնդի այս հատվածի վրա սեփական գերիշխանությունը հաստատելու համար: Այսօր էլ դա այդպես է: Ժամանակակից Հարավային Կովկասն աշխարհի բազմաբևեռության մանրակերտն է: Սա այն տարածաշրջաններից է, որտեղ կան անհաղթահարելի թվացող բաժանարարներ, որտեղ պետությունների միջազգայնորեն ճանաչված քաղաքական քարտեզը տարբերվում է իրականությունից, որտեղ կայունությունը չափազանց խոցելի է, իսկ խաղաղության վերահաստատումը պահանջում է համատեղ ու նպատակաուղղված հսկայական աշխատանք:

Հարգելի՛ գործընկերներ,

Մենք բավական հաճախ ենք խոսում «ի՞նչ կլինի», «ինչպե՞ս կզարգանա», «ո՞րն է լինելու, ինչպե՞ս կառավարել» հարցերի մասին, այնինչ իրականում, կարծում եմ, ճիշտ է նաև խոսել այն մասին, թե վերջին տարիների զարգացումներից, նախորդ տարվա արյունալի իրադարձություններից ու միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամից մենք ինչ դասեր ենք քաղել: Մենք` տարածաշրջանի պետություններս, գերտերություններն ու բոլոր այն խաղացողները, ովքեր մեր տարածաշրջանում շահեր ունեն, գոնե մեր իսկ գործած սխալների վրա պիտի հասկանանք, թե ինչ չի կարելի անել:

…Սա մի տարածաշրջան է իր հնագույն մշակույթով, հարուստ պատմությամբ ու նոր ձգտումներ ունեցող հասարակություններով: Ինչպիսին էլ լինի աշխարհաքաղաքականությունը մեր տարածաշրջանում, այն պարտավոր է ներառել «մշակույթ» կոմպոնենտը, այսպես ասած «մարդկային գործոնը»: Երբ ռումբեր են պայթում Օսիայում, Լիբանանում, Իրաքում, Իսրայելում կամ աշխարհի ցանկացած անկյունում, ես ցավ եմ ապրում մի քանի պատճառներով. նախ որպես պատերազմ տեսած մարդ, ով գիտի դրա իրական արհավիրքը, երկրորդ, որպես Հայաստանի Նախագահ` հասկանալով, որ դա, միեւնույն է, իմ երկրի շահերից չի բխում, բայց ես նաեւ բազում նյարդային օրեր եմ ունենում որպես հայ մարդ` գիտակցելով, որ որտեղ էլ պայթեն ռումբերը, կրակագծի երկու կողմերում հայեր էլ են ապրում:

Նման դեպքերում իմ որոշումներում չի կարող չգերակայել մարդկային գործոնը: Բայց որպես աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչ, ես լավ գիտեմ, թե ինչ է նշանակում «մարդկային գործոնի» օգտագործումը «հանուն» նպատակների, գիտեմ դրա ուժը ոչ թե վերլուծություններից, այլ սեփական ժողովրդի պատմությունից, իմ ամենօրյա գործունեությունից»:

Նախագահ Սերժ Սարգսյան,

07.02.2009թ.,

Մյունխենի անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովում ելույթից

«…Վստահ եմ, որ Հայաստանի և շատ այլ երկրների համար աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների շահերի խաչմերուկում հայտնվելը և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն։ Երբ այդ կենտրոնները գտնվում են հակադրության մեջ, փոքր պետությունների շահերը երբեմն անտեսվում են: Ուստի, մեր խնդիրն է մշտապես մարտահրավերները վերածել հնարավորության՝ համագործակցության և շահերի համադրման միջոցով»։

Նախագահ Սերժ Սարգսյան,
17.02.2018թ.
Մյունխենի անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովում ելույթից