Search
Close this search box.

Վստահ եմ՝ «Կիկոսի մահը» հիշեցնող «Մեղրին տալիս էին» հեքիաթը վերջնականապես կավարտվի․ 2–րդ նախագահի գրասենյակ

«Ազատություն» ռադիոկայանը երեկ՝ հունվարի 30-ին, հրապարակել էր տեսանյութ «Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի» վերնագրով։

«Գաղտնազերծումները» մեկնաբանելու խնդրանքով Yerevan․Today-ը դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին։

Պարոն Միկոյանն ասաց․ «Ձեր նշած հրապարակմանը ծանոթ եմ։ Միջին որակի պրոպագանդիստական նյութ էր։ Որևէ սենսացիա այդտեղ չկա։ Այսպես կոչված «Մեղրին տալու» տարբերակի կարծեցյալ գոյության ապացուցման համար մեջբերվում են բացառապես ադրբեջանցի, թուրք և ամերիկացի դիվանագետների նամակագրության հատվածական մեջբերումներ, որոնք լի են սուբեկտիվ կռահումներով և ընկալումներով։

Դիվանագիտությունից փոքր ինչ հասկացող մարդը կարող է հասկանալ, թե դիվանագիտական ինչ կարողություններ և ջանք է պետք է 1999 թվականի գարնանը ալիևյան արած ցանկություն-առաջարկը արդեն 2001 թվականին վերածելու Քի Վեսթի փաստաթղթի։

Այսպես, 1999 թվականին Հեյդար Ալիևը առաջարկում է փոխանակել Մեղրին Արցախի հետ, իսկ արդեն 2001 թվականին Մինսկի Խմբի համանախագահների կողմից ներկայացված պաշտոնական փաստաթղթով Քի Վեսթում առաջարկվում էր Արցախի միավորում Հայաստանին։ Ընդ որում, շեշտեմ, այդ թղթում Մեղրին Ադրբեջանին փոխանցելու մասին տառ անգամ չկար, Ադրբեջանին ընդամենը ճանապարհ էր տրվում դեպի Նախիջևան։ Այս ահռելի տրասֆորմացիան տեղի է ունեցել ամենօրյա դիվանագիտական ջանքերի շնորհիվ, առանց շոուների և պոպուլիստական զեղումների։ Սրա մասին Նախագահ Քոչարյանի գրքում պարզ և մատչելի գրված է։

«Ազատության» նյութից տպավորություն է ստեղծվում, թե նախագահ Քոչարյանը Մեղրին տալիս էր իսկ Հեյդար Ալիևի պես փորձառու և հմուտ քաղաքական գործիչը հրաժարվում էր այն վերցնել․ սա առնվազն ծիծաղելի է, եթե չասեմ՝ անարգանք և ծաղր սեփական ունկնդրի մտավոր ունակությունների հանդեպ։

Ով ինչ է տվել, ում է տվել , որքանով և քանի անգամ է տվել, արդեն փաստ է և՝ պատմական փաստ։

Շնորհակալ կլինենք ԱՄՆ Պետդեպի սեփականությունը հանդիսացող և այնտեղից ֆինասավորվող լրատվամիջոցին, եթե իրենց վերադաս հիմնարկից պահանջեն և հրապարակեն Քի Վեսթի փաստաթուղթը, որն իսկապես բանակցության սեղանին դրված փաստաթուղթ էր և որը, այո, Հայաստանի իշխանությունները թե՛ քննարկել են և թե՛ պատրաստ են եղել ստորագրել։ Այդ փաստաթղի հրապարակայնացումից և հանրության դատին հանձնելուց հետո, վստահ եմ, «Կիկոսի մահը» հիշեցնող «Մեղրին տալիս էին» հեքիաթը վերջնականապես կավարտվի։

Եվ ընդհարապես, ճիշտ կլինի հրապարակել Մինսկի Խմբի կողմից արված բոլոր պաշտոնական առաջարկները և Հայաստանի իշխանությունների կողմից դրանց տրված բոլոր պաշտոնական պատասխանները, ընդհուպ մինչև ներկա ժամանակները»։