Վրաստանի հարցը ներառված է նոյեմբերին Բուդապեշտում նախատեսված Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական նիստի օրակարգում, X սոցիալական ցանցում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքը» ստացել է ձայների 53,92 տոկոսը՝ ընտրատեղամասերի տվյալների 99,97 տոկոսի հաշվարկի արդյունքներով։
Այս արդյունքները չեն ճանաչվել խորհրդարան անցած բոլոր չորս ընդդիմադիր ուժերիը, ինչպես նաև ընդդիմադիր դիրքորոշումներ ունեցող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Բացի այդ, նրանց աջակցող հասարակական կազմակերպությունները հայտարարեցին ընտրությունները կեղծելու բարդ սխեմայի մասին։
«Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո ես որոշեցի Վրաստանի հարցը ներառել Բուդապեշտում նախատեսված Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական հանդիպման օրակարգում»,- ասել է Միշելը։
Ինչպես գրել է եվրոպացի քաղաքական գործիչը, Վրաստանում ընտրական խախտումները պետք է լրջորեն հետաքննվեն՝ արագ, թափանցիկ և անկախ։
Շառլ Միշելի հայտարարության հիմնական կետերը.
Եվրոպական խորհուրդն ի գիտություն է ընդունել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ընտրությունների նախնական գնահատականը.
Եվրոպական խորհուրդը կոչ է անում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այլ մարմիններին անհապաղ հետաքննել բոլոր խախտումները և դրա հետ կապված մեղադրանքները,
ԵՄ-ն Վրաստանի ղեկավարությանը կոչ է անում վերահաստատել իր հավատարմությունը եվրոպական կուրսին` համաձայն հունիսին և հոկտեմբերին Եվրոպական խորհրդի նիստերի եզրակացություններին:
Միշելի խոսքով, նոյեմբերին կայանալիք նիստում Եվրոպական խորհուրդը կգնահատի ներկա իրավիճակը և կորոշի հետագա քայլերը Վրաստանի հետ հարաբերություններում։
Ինչպես ընդգծել է Միշելը, այս փուլում հատկապես կարևոր է բոլոր քաղաքական ուժերի միջև կառուցողական և ներառական երկխոսությունը։
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի, ԵԽԽՎ-ի, ՆԱՏՕ-ի ԽՎ-ի և Եվրախորհրդարանի համատեղ առաքելության եզրակացության համաձայն՝ Վրաստանի խորհրդարանի ընտրությունների ընթացակարգը լավ կազմակերպված է եղել, եղել է լայն ընտրություն, թե ում օգտին քվեարկել, սակայն, ինչպես արձանագրել են միջազգային դիտորդները, եղել է կուսակցությունների ֆինանսավորման անհավասարակշռություն, քաղծառայողների վրա ճնշումներ և ընտրողների ահաբեկման բազմաթիվ դեպքեր։
Ընտրությունների վերջին արդյունքները.
«Վրացական երազանք» («Վրացական երազանք», «Ժողովրդի իշխանություն»)՝ 53,92%;
«Կոալիցիա հանուն փոփոխությունների» («Ախալի», «Գիրչի. ավելի շատ ազատություն», «Դրոա»)՝ 11.037%;
«Միասնություն — ազգային շարժում» («Միացյալ ազգային շարժում», «Աղմաշենեբելիի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան») — 10,164%;
«Ուժեղ Վրաստան» («Լելոն Վրաստանի համար», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ»)՝ 8,814%;
«Վրաստանի համար»՝ 7,771%։
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին բացառապես համամասնական ընտրակարգով (կուսակցությունների ցուցակների հիման վրա) և լայնամասշտաբ էլեկտրոնային տեխնոլոգիաների՝ ձայների ստուգման և հաշվման ապարատի օգտագործմամբ։
Արտերկրում իշխող «Վրացական երազանք»-ը պարտություն է կրել. այդ ուժը միայն երրորդն է հաշվարկներում:
Մայրաքաղաք Թբիլիսիում ևս այս կուսակցությունը պարտվել է ընդդիմադիրներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/95af8e633fdc00d964d9f7a6bdd14ef3
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»