Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Ա.Թ.-ն, հանդիսանալով կոմերցիոն և պաշտպանիչ տպագրությամբ զբաղվող ընկերության տնօրենը, տիրապետելով 2014-2016 թվականների ընթացքում ընկերության համախառն եկամտի և հարկվող շահույթի իրական տվյալներին, առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու նպատակով, հարկային մարմին ներկայացված հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Մասնավորապես՝ Ա.Թ.-ն, խախտելով «Շահութահարկի մասին» օրենքի և Հարկային օրենսգրքի 22-րդ գլխի (իրավահարաբերությունների ձևավորման պահին գործող խմբագրությամբ) պահանջները, 2014-2016 թվականներին Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ին փաստացի պատկանող կազմակերպության հետ կնքել է ընդհանուր՝ 2 միլիարդ 560 միլիոն 765 հազար դրամի ծառայությունների մատուցման կեղծ, ձևական պայմանագրեր: Վերոնշյալ գործողությունների հետևանքով, առանձնապես խոշոր չափերով շահութահարկի գումար չվճարելու նպատակով, անհիմն նվազեցրել է հարկվող շահույթը և հարկային մարմին ներկայացված՝ 2014, 2015 և 2016 թվականների տարեկան հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ:
Հաշվի առնելով, որ քրեական վարույթում առկա են եղել հանցանքի կատարումը վկայող բավարար փաստեր՝ 2024 թվականի օգոստոսի 23-ին դատախազի կողմից, սեփական նախաձեռնությամբ, Ա.Թ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (օրենքով սահմանված հաշվետվությունը, հաշվարկը, հայտարարագիրը կամ հարկման հիմք հանդիսացող՝ հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթուղթը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը):
Դատախազի կողմից վերոնշյալ որոշումները կայացնելուց հետո Ա.Թ.-ին ներկայացվել է մեղադրանք: Արդյունքում նախաքննությամբ վերականգնվել է պետությանը պատճառված՝ 650 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 250 միլիոն դրամի վնասը:
2025 թվականի հուլիսի 28-ին հսկող դատախազը սեփական նախաձեռնությամբ դադարեցրել է Ա.Թ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը՝ ոչ արդարացնող հիմքով»,- ասված է հաղորդագրությունում: