Երևանի Նոր-Նորքի վարչական շրջանն արդեն տևական ժամանակ է, ինչ բախվում է ջրի խնդրի հետ։ Մայրաքաղաքի այս վարչական շրջանում «Վեոլիա ջուր» ընկերությունը բառացիորեն առանց ջրի է թողնում տասնյակ հազարավոր քաղաքացիներին։ Ամռան այս շոգ օրերին՝ առավոտից մինչ գիշեր, ջրամատակարարումը դադարեցվում է, «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանում է, որ մեկ ջրի ճնշումն է ընկել, մեկ վթարային աշխատանքներ են իրականացվում։ Ու այս պատասխանը «Վեոլիա ջուր» ընկերության օպերատորները կրկնում են ամեն օր։
Նոր-Նորքի բնակիչները պատմում են, որ ողջ օրվա ընթացքում ջուր չկա, իսկ գիշերային ժամերին ջուրը գալիս է մի քանի ժամով` ոչ բավարար ճնշմամբ: Բնակիչները ստիպված կեսգիշերից հետո կամ լուսադեմին են լոգանք ընդունում, ջուր կուտակում։ «Մեր տանը 2 թոշակառու հիվանդ կա, էս ինչ ա անում «Վեոլիա ջուր» ընկերությունը մեր գլխին։ Քաղաքապետարանը չի տեսնում սա, ամբողջ մասիվները՝ 41 աստիճան շոգի պայմաններում, ջրազրկած են պահում։ 90-ականներին անգամ այսպես չէր։ Սա տեռոր է, խայտառակություն»,- պատմում է Armlife.am ահազանգած քաղաքացին՝ պատկան մարմիններից պահանջելով պատասխանատվության ենթարկել «Վեոլիա ջուր» ընկերությանը և ստիպել իրականացնել պայմանագրով նախատեսված շուրջօրյա ջրամատակարարումը։