Չկա իշխանություն-եկեղեցի կամ պետություն-եկեղեցի հակամարտություն և հակասություն, խնդիր կա Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականների, Կտրիճ Ներսիսյանի հետ, որոնք խախտել են Աստծուն տված իրենց ուխտը: Մենք եկեղեցու հետ խնդիր չունենք, մենք ունենք խնդիր Կտրիճ Ներսիսյանի և նրա շրջապատի հետ, որոնք իրենց վարքագծով նսեմացնում են ամեն հնարավոր արժեք։ Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ:
«Կարծում եմ՝ վարչապետը շատ մանրամասն խոսել է գործողությունների հաջորդականության մասին, ձևի մասին, թե ինչպես մենք պետք է հոգևոր իշխանությունը վերադարձնենք ժողովրդին: Ամեն բան լինելու է եղբայրական մթնոլորտում, վարչապետն արդեն ասել է, որ առաջնորդելու է այս շարժումը, նաև խորհրդակցություններ է կազմակերպում: Խնդրում եմ, որ մենք չվերնագրենք գործընթացը որպես իշխանություն-եկեղեցի հակասություն կամ պետություն-եկեղեցի հակասություն, որովհետև այդպիսի հակասություն ուղղակիորեն չկա»,-նշել է նա։
Հարցին՝ արդյո՞ք Հովհաննիսյանը հնարավոր է համարում Վեհափառ Հայրապետի և վարչապետ Փաշինյանի երկխոսությունը, նա պատասխանել է՝ հարցի հասցեատերն ինքը չէ, բայց դա մեծապես կախված է Վեհափառի և մյուս հոգևորականների պահվածքից:
«Պահվածք՝ նկատի ունեմ, որ կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները պետք է հեռանան եկեղեցուց և վերջ, սրան այլընտրանք չի կարող լինել, այսինքն՝ երկխոսություն չի կարող լինել նրա մասին, որ կուսակրոնության ուխտը խախտած որևէ հոգևորական պետք է շարունակի իր ծառայությունը և մենք, որպես հավատավոր ժողովուրդ, հաշտ լինենք դրա հետ: Նման երկխոսություն չի կարող ուղղակի լինել»,-եզրափակել է Արթուր Հովհաննիսյանը։




