Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Անի Դանիելյանի, որոշում է կայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտպանի բողոքը բավարարելու մասին:
Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման:
Փաստաբան, Մայր Աթոռի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը դեռ ի կատար չի ածվել:
«Վստահ եմ, որ դատախազությունը այդ որոշումը բողոքարկելու է և ամեն ինչ անելու է, որպեսզի չկատարի դատարանի որոշումը»,- նշեց Զոհրաբյանը։
Հարցին՝ Վեհափառ Հայրապետի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու մասին որոշումը կարո՞ղ է հույս ներշնչել, որ արդարադատություն կա՝ Մայր Աթոռի ներկայացուցիչն ասաց, որ արդարադատության հույս միշտ էլ կա:
«Ցավոք, որոշ դատավորներ կուրորեն կայացնում են այնպիսի որոշումներ, որոնք հաճելի են իշխանության քիմքին: Սակայն կան նաև այնպիսի դատավորներ, որոնք ղեկավարվում են օրենքով, սա, իհարկե, մեծացնում է արդարադատության հույսը»,- ընդգծեց Արա Զոհրաբյանը։
Փաստաբան Զոհրաբյանի վստահ լինելը ճիշտ էր. դատախազությունը բողոքարկելու է որոշումը։ Aysor.am-ին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ վերաքննիչ բողոք են ներկայացնելու։
Հիշեցնենք՝ Վեհափառ Հայրապետը մեղադրյալի կարգավիճակում է. Ամենայն Հայոց Հայրապետին մեղադրում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, որով պահանջվում է, որ Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
Վեհափառ Հայրապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։





