Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը կարծում է՝ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու հիմնական պատճառը Երրորդ նախագահի հարցազրույցն է։
«Եկեք հիշենք, թե ինչ կատարվեց ՔՊ ներկայացուցիչների կողմից այս ամբողջ ընթացքում՝ գիշերվանից սկսած անընդհատ ինչ-որ գրառումներ։ Նույն Ալեն Սիմոնյանը շատ վատ արտահայտվեց տղաների նկատմամբ, հետաքրքիր է, որ քննչականն էդտեղ հանցակազմ չի տեսել։ Եթե այս դեպքում ունենք խուլիգանություն, գուցե այն դեպքո՞ւմ էլ համարենք խուլիգանություն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Բաբայանը։
Փաստաբանը պնդում է՝ այս ամենն արվում է քաղաքական դրդապատճառներով.«Նրանք նաև, իմ տեղեկություններով, առգրավել են «Անտիֆեյք»-ի ամբողջ գույքը, հետևաբար, ակնհայտ է, որ սա լրատվամիջոցը փակելուն ուղղված գործողություն է։ Նախորդ գործով չկարողացան, հիմա գնացել են այդ ամբողջը փակելու ճանապարհով։ Մենք այն ժամանակ էլ պնդել ենք և դա ապացուցվել է առնվազն Առաջին ատյանի դատարանով, հիմա էլ ենք պնդում, որ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործում բացակայում է խուլիգանությունը»։




