Եկեք տեսնենք, թե ինչ են ստացել կողմերը օգոստոսի 8–ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից. ԱՄՆ–ն շատ կոնկրետ ստացել է ապագայում ձեւավորվող միջանցքի վերահսկողություն, ստացել են Հայաստան–Իրան հետ սահմանը փաստացի վերահսկողության հնարավորություն և երրորդը, ԱՄՆ նախագահին Նոբելյան մրցանակի ներկայացնելն է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ադրբեջանը ստացել է միջանցքի իրավունք ՀՀ տարածքով, ստացել է Մինսկի խմբի լուծարում և ստացել է 907–րդ բանաձևի չեղարկում։ Իսկ ի՞նչ է ստացել Հայաստանը։ Անկեղծ, ես փորձել եմ այդ փաստաթղթերում գտնել որեւէ կոնկրետություն, թե ինչ է ստացել Հայաստանը։ Զրո։ Միայն պրոբլեմներ։
Վերջապես, ի՞նչ է ստացել Նիկոլ Փաշինյանը։ Այստեղ կա շատ կոնկրետ բան, ինչ ստացել է ՀՀ վարչապետը։ Ստացել է մեկ նկար նախգահ Թրամփի ստորագրությամբ և ստացել է իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին։ Չոր մնացորդում սա է։
Նախնական եզրակացություն կարելի է անել, որ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը եղել է դեկորացիայի դերում։ Այնտեղ եղել են սեղան, աթոռ, նկար կար, դրոշ կար և Փաշինյանը կար»,–ասաց նա։
Անդրադառնալով «նախաստորագրում» տերմինին, Քոչարյանն ասաց. «Երբ երկու կողմեր բանակցում են ինչ–որ փաստաթղթի շուրջ, թիմերը գալով համաձայնության, նախաստորագրում են այդ փաստաթուղթը։ Դա տեխնիկական գործողություն է, նախաստորագրում են հետագայում որեւէ առիթի ժամանակ, օրինակ, պաշտոնական այցերի ժամանակ երկրների ղեկավարները ստորագրում են նախաստորագրված փաստաթղթերը։ Տեխնիկական գործ է նախաստորագրումը։
Ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ, թե պետության ղեկավարների մասնակցությամբ ինչ է նշանակում նախաստորագրել։ Եթե ամեն ինչ պայմանավորված է, ավելի լավ առիթ ստորագրելու համար այդ փաստաթղթերը, չէր կարող լինել։ Սա իսկապես հարցեր է առաջացնում նաև բովանդակային»,– ընդգծեց երկրորդ նախագահը։