ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը 2025 թվականի օգոստոսի 8-ից ըստ իրավաբանների որակման՝ ապօրինի կալանավորված է:
Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգեց Վարդան Հարությունյանի կալանքը, քննիչների վկայակոչած խոչընդոտելու ռիսկից ելնելով:
Վարդան Հարությունյանի փաստաբանական թիմից հայտնում են, որ գրավը համակցված նույնիսկ տնային կալանքի հետ կիրառման միջնորդություն էին ներկայացրել, որը մերժվել է առանց ոչ մի փաստարկի և հենց այն պայմաններում, որ նման նույնիսկ ավելի ծանր մեղադրանքներով շարունակական կալանքը որպես այդպիսին փոփոխվում է այլ խափանման միջոցներով:
Նշենք, որ վերջին երկու ամսվա ընթացքում Սահմանադրական դատարանը երկու որոշում է ընդունել, որոնցով անուղղակիորեն ազդակ է փոխանցվում, որ կալանքը որպես խափանման միջոց պետք է նվազեցնել: Սահմանադրական դատարանը նույնիսկ ընդգծել է, որ այլընտրանքային խափանման միջոցները մարդասիրության և արդարության կարևոր երաշխիք են:
Բացի այդ, արդեն տևական ժամանակ է բոլոր դատարաններն արձանագրել են, որ խոչընդոտելու ռիսկը նույնիսկ գրավով է հնարավոր զսպել:
Եվրոպական դատարանը հաճախ է արձանագրել, որ ավելի մեղմ մոտեցում է իրացվում առաջին անգամ կալանքի միջնորդությունների բավարարումներին, իհարկե լուրջ վերապահումով, բայց շարունակվող կալանքի դեպքում առավել հստակ է, որ պետք է գործի ազատության կանխավարկածը, այսինքն կալանքը պետք է վերացվի:
Փաստաբանական խմբից հայտնում են նաև, որ հենց իրենք բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել, որով հենց այդ ենթադրյալ, բացառապես կանախատեսական առանց որևէ հիմքի խոչընդոտելու ռիսկը պետք է չեզոքացվեր և դա նույնպես անտեսվել է:
«Ակնհայտ է, որ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի այս գործում առկա հանգամանքները դառնալու են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում քննության առարկա, իսկ նման ինտենսիվ կալանքների կիրառումները բազմաթիվ որոշումներով հենց Հայաստանի դեմ արձանագրվել են, որպես իրավունքների կոպիտ խախտումներ»,– նշել են փաստաբանները։