Search
Close this search box.

«Վահրամաբերդի ձորում» սպшնություն կատարած անձը հատել է ՀՀ պետական սահմանը. ՔԿ

Օգոստոսի 9–ին «Վահրամաբերդի ձորում» սպանություն կատարած 34–ամյա Զ. Հովհաննիսյանը հատել է ՀՀ պետական սահմանը։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ու որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզի Վահրամաբերդ բնակավայրի եկեղեցու մոտ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով 1 վիրավոր ու մեկ մահացած տեղափոխվել են հիվանդանոց: Հիվանդանոց տեղափոխվածներից մահացածը Մարմաշենի բնակիչ 31-ամյա Ա. Թառլոյանն է, իսկ վիրավորը` նույն գյուղի բնակիչ 39-ամյա Լ. Թառլոյանը։ Ըստ տեղեկությունների՝ միջադեպի մասնակիցներից Ս. Հովհաննիսյանը Վահրամաբերդի վարչական ղեկավարն է, իսկ սպանության կասկածյալներից Զ. Հովհաննիսյանը նրա հորեղբոր որդին է:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել է կրակված պարկուճ, արնանման հետքեր, ինչպես նաև քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող այլ առարկաներ, վերցվել են փորձանմուշներ: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, առգրավվել է տուժողների հագին եղած հագուստը, հարցաքննվել են մի շարք անձինք։

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով:
Ա. Թառլոյանն ու Լ. Թառլոյանը ճանաչվել են տուժող: