Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում ավարտվել է «Օպելի» վարորդներին վիրավորելու համար Տիգրան Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցի գործով դատաքննությունը։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը, ով հայց է ներկայացրել դատարան, մեզ հայտնեց, որ որոշումը դատարանը կհրապարակի հուլիսի 4-ին։ Նշենք, որ գործի քննության ընթացքում Ավինյանի հայրը՝ Արմեն Ավինյանը, դատարան չի ներկայացել, ի տարբերություն հայցվորի։
Հիշեցնենք, որ 2024-ի տարեվերջին քաղաքապետի հայրը՝ պատասխանելով «կարմիր գծերի» թանկացման վերաբերյալ լրագրողի հարցին, ասել էր. «Պիտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստեղ, իրա գեղի «Opel»-ով»: Տեսանյութի տարածումից որոշ ժամանակ անց Տիգրան Ավինյանը ներողություն էր խնդրել՝ նշելով, որ հայրը «պահի տակ, նյարդի ազդեցությամբ է տգեղ խոսքեր ասել»։
«Ինքս «Opel» ունեմ և կոչ եմ անում «Opel»-ի վարորդներին հանդես գալ համանման հայցով: Իրավական առումով «Մայր Հայաստանն» ամբողջական օժանդակություն կտրամադրի»,-նշել էր Գրիգոր Իսկանդարյանը` կոչ անելով միանալ եւ դատարան հայց ներկայացնել: