Այսօր՝ օգոստոսի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Հրազդան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի՝ սուր կտրող-ծակող առարկայի հետևանքով ստացած վնասվածքներով։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ տեղում բժիշկները ոստիկաններին և պարեկներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում, իսկ վիրավորներից մեկը վիրահատարանում մահացել է։
Մինչ Կոտայքի մարզի քրեական ու համայնքային ոստիկանները, ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների հետ՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Արմեն Մ.-ն, Երևանի բնակիչ 40-ամյա Սևակ Ե.-ն ինչ-որ անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով եկել են «Հրազդան» քաղաքի Կենտրոն թաղամասում գործող հայտնի «Մանուշակ» մաւկետ, Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Գրիգոր Չ.-ի մոտ, որտեղ եղել են նաև Կոտայքի մարզի բնակիչներ 27-ամյա Գագիկ Ս.-ն, 28-ամյա Հենրիկ Ա.-ն և 55-ամյա Միսակ Հ.-ն։Պարզաբանումների ընթացքում սկսվել է վիճաբանություն Կոտայքի մարզի բնակիչներ 32-ամյա Արմեն Մ.-ի և Հենրիկ Ա.-ի միջև, որը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։
Կայքի տեղեկություններով Գագիկ Ս.-ն, Միսակ Հ.-ն, Գրիգոր Չ.-ն և Սևակ Ե.-ն հանդարտեցրել են նրանց և խանութից դուրս հանել, ինչից հետո վիճաբանությունը շարունակվել է դրսում, որտեղ էլ Հենրիկ Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Գագիկ Ս.-ին, Արմեն Մ.-ին և Սևակ Ե.-ին, ինչի արդյունքում նշված անձինք տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ էլ Արմեն Մ.-ն գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի վայրում ոստիկանները ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր և մինչ տեղում աշխատում էին քննչական խումբն ու ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը, Կոտայքի քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկները ու քննիչների մեկ այլ խումբ տաք հետքերով պարզում են՝ որտեղ է գտնվում կասկածյալը, ու բանակցություններ արդյունքում նա ինքնակամ ներկայանում է Կոտայքի մարզի քրեական ոստիկանություն, որտեղից էլ նրան ներկայացնում են Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Կայքի տեղեկություններով Հենրիկ Ա.-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է և խոստովանել է իր կողմից կատարած արարքը։Դեպքի փաստով Կոտայքի մարզային քրեական վարչությունում սպանություն և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։