Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նախօրեին Բաքվում կայացել է արտգործնախարար Բայրամովի հանդիպումը Թուրքիայի ԱԳՆ Եվրասիայի և Հարավային Կովկասի հարցերի գլխավոր վարչության պետի հետ, որի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունը ունի բավականին ուշագրավ ձևակերպումներ, որոնք հերթական վկայությունն են այն դժգոհությունների, որոնց մասին խոսում եմ պարբերաբար:
Ավելին, ինքնին հանդիպման ձևաչափը ուշագրավ է: Նախարար Բայրամովը ընդունում է Թուրքիայի ԱԳՆ վարչության պետին: Օրինակ, գործուղել են Բաքու ոչ թե փոխնախարարի (հասկանալի է, որ նախարարի օրակարգը շատ ավելի խիտ է, հետևաբար Ֆիդանը չէր կարող մեկնել ամեն առիթով), այլ վարչության պետի: Սա մի կողմից թե այսպես ասած «վերադասության» սկզբունքի դրսևորման համար, թե նաև ցույց է տալիս օպերատիվության անհրաժեշտությունը: Իսկ Բաքվում էլ այդ վարչության պետին ընդունում են նախարարի մակարդակով, ինչը թերևս վկայում է, որ վարչության պետն Անկարայից Բաքու է տարել լուրջ «ազդակներ»:
Միաժամանակ, ուշադրության արժանացնենք ձևակերպումներին: «Քննարկվել են հարցեր, որոնք բխում են գոյություն ունեցող դաշնակցային հարաբերություններից», «Նշվել է, որ նմանօրինակ այցերը և միջգերատեսչական խորհրդակցությունները կարևոր են երկկողմ և ռեգիոնալ հարցերի դետալային քննարկման համար», «նշվել է երկու երկրների միջև գործակցության ակտիվացման անհրաժեշտությունը», «Բայրամովը մանրամասն իրազեկել է զրուցակցին Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացի վերաբերյալ. Ուշադրության է հասցվել, որ պահպանվում են խնդիրներ»:
Սրանք Բաքվի պաշտոնական հաղորդագրության ձևակերպումներն են: Իսկ պաշտոնական մակարդակում այդպիսի ձևակերպումները արտացոլում են զրուցակից կողմերի միջև փոխադարձ դժգոհության և անվստահության նուրբ տարրեր:
Իհարկե, դա բոլորովին չպետք է առաջացնի շփոթություն կամ թյուրըմբռնում, թե Ադրբեջանն ու Թուրքիան ելել են իրար դեմ, թե այլևս դաշնակիցներ չեն կամ բազմաթիվ էական հարցերում չեն շարունակում գործակցությունն ու համատեղ աշխատանքը:
Այդուհանդերձ, ակնառու է, որ Բաքուն փորձում է նվազեցնել, այսպես ասած բալանսի բերել Անկարայի այն ազդեցությունը, որ վերջինս ձեռք է բերել 44-օրյա պատերազմի միջոցով: Եվ այդ ազդեցությունը նվազեցնելու հարցում Բաքվին անկասկած պատրաստ են աջակցություն ցուցաբերել Ռուսաստանը, Իրանը, ու նաև Չինաստանը: ԱՄՆ, ըստ իս, շահագրգռված է հակառակի հարցում, քանի որ Թուրքիան է այն շատ, թե քիչ համարժեք ուժը, որի միջոցով հնարավոր է ձևավորել Կովկասում կայուն փոխզսպման իրավիճակը և ամուր պատնեշը վերոհիշյալ եռյակի, և հատկապես Չինաստանի դեմ»: