Թուրքիան Հարավային Կովկասում կայունության օգտին է հանդես գալիս: Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Թուրքիայի դերի առումով, այստեղ Թուրքիան էլ ընտրելու բան ունի, որովհետև մենք լսում ենք, որ Թուրքիան փորձ է անում կամ առնվազն, գուցե մենք սխալ ենք ընկալում ուղերձը: Ինչպես Դուք նշեցիք, ինչո՞ւ է Թուրքիան ԱՄՆ-ի հետ քննարկում նաև Հարավային Կովկասի խնդիրները, որովհետև մեր ընկալումն այն է, որ Թուրքիան, համենայնդեպս ուղերձներն այդպիսին են, Հարավային Կովկասում կայունության օգտին է հանդես գալիս։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիան և՛ նախագահի, և՛ Արտաքին գործերի նախարարի մակարդակով հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման օգտին։ Եվ եթե մենք ճիշտ ենք ընկալում այս ուղերձները, սա նշանակում է նաև որոշակի բալանս Հարավային Կովկասում Թուրքիայի ունեցած հարաբերությունների կամ գուցե մենք սխալ ենք ընկալում:
Բայց մյուս կողմից ցանկացած ջանք, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, իհարկե օգտակար կլինի: Սակայն մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Հայաստանը և Ադրբեջանը հիմա աշխատում են երկկողմ ֆորմատով, բայց մյուս կողմից մենք նաև ուզում ենք, որ մեր միջազգային գործընկերները տեղյակ լինեն ինչ է կատարվում խաղաղության գործընթացում, և նաև մեր տեղեկատվությունը կիսում ենք նրանց հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: