«Թուրանական միջանցք»-ի իրացում է և Հայաստանի ինքնիշխանության ոտնահարում. ՀՅԴ Բյուրո

2025 թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում ստորագրված ԱՄՆ, Հայաստան, Ադրբեջան համատեղ հայտարարությունը ոչ միայն չի արտացոլում Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերը, այլև հարված է Հայաստանի ինքնիշխանությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն։

«ՀՀ իշխող վարչակազմի որդեգրած քաղաքականությունն ու անհավասարակշիռ որոշումները ընդունվել են գաղտնիության պայմաններում։ Դրանք ոտնահարում են հայ ժողովրդի հավաքական իրավունքներն ու կենսական շահերը, ստեղծում են անվտանգային նոր մարտահրավերներ և սպառնալիքներ, խաթարում են տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ու ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ կասկածի տակ դնելով ՀՀ պետականության գոյությունը։

Շարունակական կեղծիքների, սուտ խոստումների և ամբոխավարության քողի ներքո ոտնատակ են տրվել Հայաստանն ու հայ ժողովրդի շահերը։ ՀՀ իշխող վարչակազմի որդեգրած ապազգային և անհեռանկար քաղաքականության արտացոլանք հանդիսացող, իր էությամբ հակապետական հայտարարությունը մեկ նպատակադրում ունի՝ ի գին ՀՀ իրավունքների՝ օտար շահեր սպասարկող ՀՀ իշխող վարչակազմի վերարտադրություն՝ Հայաստանը դարձնելով աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ։

Ադրբեջանի շարունակական նախապայմանների, արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպանական գործողությունների, Արցախի էթնիկ զտման և ամբողջական հայաթափման, ՀՀ տարածքների բռնազավթման, Բաքվում ընթացող կեղծ դատավարությունների և արցախահայության վերադարձի իրավունքի ոտնահարման և հանուն շահի այս ամենի վրա մեծ տերությունների աչք փակելու պայմաններում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ձևավորումը ոչ միայն իրատեսական չէ, այլև՝ բնույթով կապիտուլյացիոն։

Ըստ այդմ․

  • Հայտարարում ենք, որ Արցախի հակամարտությունը լուծված չէ և միջազգային հանրությունը, մասնավորապես ԵԱՀԿ-ն, որպես այս խնդրի կարգավորման միջազգային օրինական մանդատ ունեցող միակ հարթակ՝ պարտավոր են գործել այն հանգուցալուծելու ուղղությամբ։
  • Ընդգծում ենք, որ ստորագրված հայտարարությունը, ըստ էության, օրինականացնում է միջանցքի գաղափարը և ուղղված է բացառապես ադրբեջանական շահերի սպասարկմանը։
  • Հաստատում ենք, որ ցանկացած անվամբ և կարգավիճակով՝ Ադրբեջանին Հայաստանի Հանրապետության տարածքով «անխոչընդոտ հաղորդակցություն» տրամադրելը, իրականում «թուրանական միջանցք»-ի իրացում է և Հայաստանի ինքնիշխանության ոտնահարում։
  • Պահանջում ենք՝ ՀՀ տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերում, Արցախի ռազմաքաղաքական պատանդների անհապաղ ազատ արձակում, Արցախի հայության հավաքական, անվտանգ, երաշխավորված և արժանապատիվ վերադարձի համար պայմանների ստեղծում։
  • Համոզված ենք, որ ռազմական գործողությունների և ցեղասպանական հանցագործությունների արդյունքում ձևավորված ստատուս քվոն չի կարող հանգեցնել կայուն խաղաղության։

ՀՅ Դաշնակցությունը հավատարիմ է մնում ժողովրդավարության, արդարության և արժանապատիվ խաղաղության հաստատման միջազգային սկզբունքներին»,- նշված է  հայտարարության մեջ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։