Տուգանքից մինչև 2 տարվա ազատազրկում. ՔՕ նոր հոդվածը բժշկին կպաշտպանի բռնությունից

Բուժաշխատողներին պաշտպանելու նպատակով մշակված օրենքի նախագիծը հազիվ թե նվազեցնի նրանց նկատմամբ բռնության դեպքերը. Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանը։
Նրա գնահատմամբ` օրենքի նպատակը լավն է, բայց նախագիծը բավարար չափով մշակված չէ, բռնությունը ծնող պատճառներն էլ վերլուծված չեն։
«Ամենաշատ բռնությունները բուժաշխատողների նկատմամբ կատարվում են շտապօգնության աշխատակիցների նկատմամբ, որովհետև շտապօգնության մեքենաները ուշ են հասնում կանչի վայր, հաճախ տեղում դեղորայքի խնդիր է լինում։ Երկրորդը` բուժշխատողները շատ հաճախ խախտում են էթիկայի կանոնները։ Իհարկե, լինում են նաև բռնության դեպքեր, որոնք ոչ ադեկվատ մոտեցման հետևանք են։ Այսինքն` մենք բժշկական օգնության և սպասարկման որակի հետ կապված պետք է խորը վերլուծություն անենք»,– նկատում է ՀԿ–ի ներկայացուցիչը։
Հայաստանում վերջին շրջանում ավելացել են բռնության դեպքերը շտապօգնության բժիշկների և անձնակազմի նկատմամբ։ Լինում են նաև դեպքեր, երբ բուժհիմնարկներում ծեծի են ենթարկվում իրենց պարտականությունը կատարող բժիշկները։

Բուժաշխատողների նկատմամբ իրականացվող ոտնձգությունները կանխելու նպատակով Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Արեն Մկրտչյանն ու Հասմիկ Հակոբյանը շրջանառության մեջ են դրել քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկվում է քրեական օրենսգրքում ավելացնել Բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հոդված, համաձայն որի՝ բուժաշխատողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը պատժվում է տուգանքով` առավելագույնը 10 000 դրամի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը 100 ժամ տևողությամբ, կամ 1 ամսից մինչև 1 տարի ազատազրկմամբ։
Անուշ Պողոսյանը հիշեցնում է, որ ՀՀ Քրեական օրենսգիրքը ժամանակին ուներ բժշկի նկատմամբ բռնությանը վերաբերող հոդված, որը սակայն ժամանակի ընթացքում հանվեց, քանի որ լայն կիրառում չէր ստանում։

«Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ քննության ինչ–որ փուլում բժիշկները իրենց բողոքները հետ են վերցրել, որովհետև գործի քննության ընթացքում պարզվել է, որ բժշկական օգնության և սպասարկման ընթացակարգերում եղել են բազմաթիվ սխալներ հենց բժիշկների կողմից։ Նախ` հոդվածը չպիտի հանվեր, երկրորդ` պետք էր վերլուծել` երբ հոդվածը կար, քանի՞ բժշկի ծեծողներ են դատվել»,– ասում է Պողոսյանը` հավելելով, որ տարիներ առաջ կատարած իր վերլուծության համաձայն` նման ընդամենը մի քանի դեպք է եղել դատական պրակտիկայում։
Բուժաշխատողի նկատմամբ բռնությունը դատապարտող հոդվածի վերականգնումը քրեական օրենսգրքում, Անուշ Պողոսյանի կարծիքով, բավարար չէ, քանի որ ոչ բոլոր հարցերի պատասխաններն է տալիս։

«Օրենքի նախագիծը մշակված չէ, քանի որ հասկանալի չէ, թե բժշկական օգնության և սպասարկման չափորոշիչներով ո՞րն է համարվելու բժշկական գործունեություն, որի՞ խոչընդոտումն է համարվելու արգելված։ Այսպիսի հարցեր կան շատ, որոնց պատասխաններն այս նախագիծը չի տալիս»,– արձանագրում է Պողոսյանը։
Անուշ Պողոսյանը հիշեցնում է նաև, որ գործող Քրեական օրենսգիրքն արդեն իսկ սահմանում է մարդու նկատմամբ մարդու կողմից կատարված բռնության համար տարատեսակ պատժամիջոցներ, որոնք կարող են վերաբերել նաև բուժաշխատողների նկատմամբ կատարված բռնություններին։ Իսկ մասնագիտական գործունեությունն իրականացնելիս բռնության ենթարկվելը կարող է վերագրվել ոչ միայն բժիշկներին, այլև վարորդներին, ուսուցիչներին ու բազմաթիվ այլ մասնագետների ևս։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։