«Թրիփ»–ը հակաիրանական և հակառուսական ծրագրի մասն է, որը ինչ-որ կերպ ուզում էին իրականացնել, որը չստացվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
«Դա պանթուրանիզմի հիմնական տարրերից մեկն է։ Պանթուրանիզմը եղել է այն նիզակը, որով իրենք փորձել են ամբողջ Հարավկովկասյան տարածաշրջանի դեպի Միջին Ասիա այդ վերաձևումը իրականացնել։ «Թրիփը» այս մոդելով դարձավ, որովհետև մեր հանրային դիմադրությունը, Իրանի դիմադրությունը թույլ չէր տալիս, Իրանը հստակ ասել էր, որ դա բացառվում է, այսինքն մենք չենք կարող ընդունել, և դա բնական է։ Ինքը չէր կարող, միակ սահմանը, որը թշնամական պետության կամ արևմտյան ուժերի վերահսկողության տակ չէր, համաձայներ, որ դառնար Արևմուտքի գործիք։ Դա նշանակում էր իրեն ընդհանրապես շրջափակել իր թշնամիները և խեղդել պետությունը։
Այս առումով իրանական դիրքորոշման փոփոխություն չի լինելու, բայց այստեղ որոշողը Իրանը չի, որոշողը Հայաստանի ժողովուրդն է, և Հայաստանի ժողովուրդը բացառիկ հնարավորություն ունի հունիսի 7–ին փակելու հարցը։ Փակելու հարցը ոչ թե հաղորդակցման ուղիներ ունենալու, ոչ թե դրանց գործարկման մեթոդներ ունենալու, ոչ թե տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակում ունենալու, այլ արևմտյան, հատկապես ամերիկյան ներկայությամբ սեփական տարածքի օտարում ունենալու։ Այսինքն Հայաստանը թիրախ դնելու և մեր տարածքը ինչ-որ անհասկանալի մի ընկերության օտարելու, որի մեջ էական դերակատարում պիտի ունենան Թուրքիան ու Ադրբեջանը։
Այսինքն մենք խոսում ենք այն մասին, որ փաստացի ամերիկյան անվան տակ լինելու է թուրք-ադրբեջանական ներկայություն։
Այս պահին հարցը չի վերացել, ցավոք սրտի պատերազմն էլ վերջը չի լինելու։ Ամերիկան այս պահին ցամաքային հարձակում սկսել չի կարող, որի համար էական տարր է Թրիփը։ Այդ հատվածը պիտի օգտագործվի Իրանի դեմ գործողությունների համար, ներառյալ առաջին հերթին Ադրբեջանը և Թուրքիան։
Հիմա պետք է Իսրայել-Ամերիկյան տանդեմին ինչ-որ մի կերպ այս ձախողված ձեռնարկը մարսելի ձևով փակել, և դրան է ուղղված նաև Լիբանանի հետ բանակցությունները, որ մենք Վաշինգտոնում մոտ օրերս պիտի լինի և անցնել էական վերազինման ու պլանավորման արդեն լուրջ ու վերջնական հարվածների համար, որի համար կպահանջվի առնվազն 1-1.5 տարի ժամանակ։
Մենք շանս ունենք դուրս պրծնելու այս սարդոստանից, որի մեջ մեր ներկայիս իշխանությունը մեզ դրել են և այդ ծրագրից ու պարտավորություններից դուրս գալ, եթե մենք փոխենք իշխանությանը։ Եթե չփոխենք, զոհ ենք գնալու և այդ դեպքում այն ծրագիրը, որ կար, որով մեր վրայով ուղղակի անցնելու են և Հայաստանը դառնալու էր կամ Ադրբեջանի կամ Թուրքիայի վիլայեթ, դա ուղղակի իրականություն է դառնալու ամենակարճ ժամանակում»,–ասաց նա։
Ձյունիկ Աղաջանյանի խոսքով, դրանից հետո շաբաթների ընթացքում, մենք կտեսնենք Սահմանադրության հակահայկական, հակազգային, հակապետական գործողության ընդունում, ընդ որում ոչ հանրաքվեի միջոցով. «Իրենք ամեն ինչ փորձելու են անել, որ դա հանրաքվեի չդրվի, և այստեղ գալիս է Սահմանադրական դատարանի կազմի ամբողջական յուրացումը ներկայիս խմբակի կողմից, որպեսզի հանկարծ իրենց կողմից բացասական կարծիք չտրվի։
Մենք արագորեն տեսնելու ենք 300 հազար և ավելի ադրբեջանցիների վերաբնակեցում անվան տակ Հայաստանի փաստացիորեն օկուպացիա և Հայաստան պետության, որպես հայկական գերակայությամբ հայրենիքի վերացման գործընթաց։ Մենք տեսնելու ենք մեր բոլոր ազգային նկրտումների իղձերի պատմության վերացում։ Մենք ուղղակի որպես պետություն վերանալու ենք»։
Նա ընդգծեց, որ առաջիկա ընտրությունները մեզ համար լինել-չլինելու, գոյության խնդիր է, ընդհանրապես մեր այստեղ ապրել-չապրելու խնդիր է. «Իշխանությունների հեռացմամբ մենք առնվազն կասեցնելու ենք հանձնառությունների այն փաթեթը, որը գաղտնիությամբ պահվում է և մաս-մաս ներկայացվում։ Սա մեր վերջին հնարավորությունն է, մեր Սարդարապատն է, որ լինելու է հունիսի 7–ին»,–ասաց նա։





