Search
Close this search box.

Տրանսպորտի թանկացման դեմ 17 000 ստորագրություն է հավաքվել․ դա պահանջվածից կրկնակի ավելի է. ինչ է արվելու

Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարի շրջանակում «Մայր Հայաստան» դաշինքի կազմակերպած ստորագրահավաքի շրջանակում հավաքվել է 17 հազար ստորագրություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը՝ ներկայացնելով առաջիկա անելիքները։
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ եթե Երևանում գրանցված ընտրական իրավունք ունեցողների 1%-ը ստորագրում է որևէ նախաձեռնության տակ, ապա նախագիծը մտնում է Երևանի ավագանու նիստի քննարկման։

Թևանյանն ընդգծեց, որ այդ թիվը պահանջվածից կրկնակի ավելի է։
«Մենք տրանսպորտի վերաբերյալ մեր նախագիծը ներկայացրինք մեր քաղաքացիներին ու հավաքեցինք 17 000 ստորագրություն, բայց անհրաժեշտ էր մոտ 8200 ստորագրություն։ Մենք այս քայլով նաև ավելի լայն իրազեկում ենք իրականացրել, ինչպես նաև ավելի բարձր մասնակցություն ապահովել քաղաքացիների համար։ Օրենքը նախատեսում է․ եթե նախագիծը քաղաքացիների անունից է լինում (ինքն էլ որպես քաղաքացի է նախաձեռնող հանդիսացել-խմբ․) ու այն մերժվում է, ապա հարցը կարող է դրվել հանրաքվեի։ Այդ դեպքում անհրաժեշտ կլինի Երևանում գրանցված ընտրական իրավունք ունեցողների 10%-ի ստորագրությունը»,- նշեց նա։