«Քաղաքացիների որոշ քանակ այնուամենայնիվ շարունակում է չվճարել ուղևորափոխադրման համար։ Իհարկե քանակը մեծ չէ, այն քանակը չէ, որի մասին խոսում էր ընդդիմությունը»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ չվճարելու դրդապատճառները տարբեր են․ «Մարդ կա իրապես համարում է, որ թանկացումն արդարացված չէ, մարդ կա՝ ուղղակի առիթից օգտվում է, ինչը վնասում է քաղաքային բյուջեին։ Տեղի են ունենում տարատեսակ միջադեպեր, երբ վարորդները հրաժարվում են վարել, քանի որ իրենց աշխատանքային պայմանագրով նախատեսված է, որ իրենք պետք է հետևեն, որպեսզի վճարումները կատարվեն։ Ուզում եմ վարորդներին իմ աջակցությունը հայտնել, չնայած տեսնում եմ, որ կան միջադեպեր, երբ նրանց կողմից կոշտ արձագանք է լինում, ինչը ևս հասկանալի է։ Բայց օրինակ մի տեսահոլովակ աչքովս ընկավ, երբ հաշմանդամություն ունեցող անձը, ով միգուցե տեղեկացված չէ, որ ուղևորափոխադրումը կարող է անվճար լինել, չի ստացել տրանսպորտային իր քարտը։ Հետևաբար մենք պետք է շարունակաբար տեղեկացնենք մարդկանց, որ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտից օգտվելը անվճար է»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ քաղաքացիները վճարում են, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք, զոհվածի այրիներն ու երեխաները երթևեկեն անվճար։ Ավինյանի խոսքով՝ ընդդմությունը մոլորեցնում է քաղաքացիներին՝ խեղաթյուրելով իրականությունը։ Ավինյանը հանձնարարեց անցնել կոնկրետ միջոցների կիրառման՝ կանխելով չվճարման դեպքերը։