ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր օգնականներին ասել է, որ պատրաստ է դադարեցնել Իրանի դեմ գործողությունը, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը մեծ մասամբ փակ մնա, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին։
Նշվում է, որ վերջին օրերին Թրամփը և նրա օգնականները եկել են այն եզրակացության, որ նեղուցը բացելու փորձի դեպքում հակամարտության ժամկետները կգերազանցեն նախատեսված 4-6 շաբաթը: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նախագահը որոշել է, որ Վաշինգթոնը պետք է սահմանափակվի հիմնական նպատակներով՝ կրճատել Իրանի ռազմածովային հնարավորությունները և նրա հրթիռային պաշարները: Նախատեսվում է դադարեցնել ռազմական գործողությունները՝ միաժամանակ ճնշում գործադրելով Թեհրանի վրա՝ ազատ առևտուրը վերականգնելու նպատակով։
Նշվում է, որ եթե այդ ջանքերը ձախողվեն, ԱՄՆ-ն ճնշում կգործադրի Եվրոպայում և Պարսից ծոցում իր դաշնակիցների վրա՝ նեղուցը բացելու նախաձեռնությունը ստանձնելու համար։ Լրատվամիջոցի աղբյուրները հավելել են, որ Թրամփը կարող է նաև քննարկել ռազմական տարբերակները, սակայն դրանք նրա գերակա խնդիրը չեն։





