Դոնալդ Թրամփը երկուշաբթի երեկոյան առաջին անգամ ժամանել է Սպիտակ տուն՝ որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ և անմիջապես գնացել Օվալաձև աշխատասենյակ, որտեղ ստորագրել է նախապես հայտարարած գործադիր հրամաններից շատերը, հայտնում է BBC-ն։
Առաջիններից մեկը 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի 1,000-ից ավելի մասնակիցներին ներում շնորհելու հրամանն էր. խոսքն այն գրոհի մասին է, երբ Թրամփի կողմնակիցները փորձել են կանխել Ջո Բայդենի հաստատումը որպես նախագահ և անկարգություններ են սկսել Վաշինգտոնում:
«Հուսով եմ՝ նրանք այսօր ազատ կարձակվեն… շուրջ 1,500 մարդ»,- ասել է Թրամփը։
Ավելի ուշ ամերիկյան լրատվամիջոցները պարզաբանել են, որ Թրամփը սխալ է արտահայտվել՝ իրականում ներում է ստացել մոտ 1600 մարդ։
Թրամփը նաև գործադիր հրամաններ է ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալու գործընթացի մեկնարկի, ԱՄՆ-ում TikTok սոցիալական ցանցի աշխատանքի դադարեցումը 75 օրով հետաձգելու, հարավային սահմանին արտակարգ ռեժիմի ներդրելու վերաբերյալ, ինչպես նաև հայտարարել է Կանադայի և Մեքսիկայի դեմ մաքսատուրքեր սահմանելու մասին։
Ընդհանուր առմամբ, Թրամփը չեղարկել է նախկին նախագահ Ջո Բայդենի ստորագրած 78 գործադիր հրամաններ ու հուշագիր: