2025թ. հունվարի 14-ին Վաշինգտոնում ՀՀ և ԱՄՆ միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության կանոնադրությունը: Կողմ լինելով Հայաստանի Հանրապետության՝ աշխարհի բոլոր երկրների հետ բարիդրացիական և փոխշահավետ գործակցությանը՝ հրապարակված փաստաթղթի վերաբերյալ կարելի է ասել հետևյալը.
•Կոնկրետությունից զուրկ, ընդհանրական դատողություններ պարունակող փաստաթուղթ:
•Նկատի առնելով ԱՄՆ գործող նախագահ Ջոզեֆ Բայդենի պաշտոնավարման ժամկետի ավարտից հաշված օրեր առաջ հիշյալ փաստաթղթի ստորագրման փաստը՝ ողջամտորեն առաջանում է հետևյալ հարցը. եթե ԱՄՆ-ն կամ Հայաստանը ցանկացել են հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի, ապա ինչո՞ւ հիշյալ փաստաթուղթը չի ստորագրվել գործող նախագահի պաշտոնավարման ժամկետից շատ առաջ:
•ցանկացած երկրի արտաքին քաղաքականությունը որոշում է տվյալ երկրի գործող ղեկավարը: Նկատի առնելով տվյալ փաստը՝ չի կարելի բացառել, որ հաջորդ նախագահը կամ կարող է այդ փաստաթուղթը չեղարկել, կամ պատշաճ ուշադրություն չդարձնել դրան՝ այդպիսով ընթացք չտալով դրանում արձանագրվածին:
•փաստաթղթում առկա է այսպիսի ձևակերպում. «Հաշվի առնելով, որ Հայաստանը 2023թ. սեպտեմբերից ի վեր բախվել է տեղահանման ճգնաժամի՝ Միացյալ Նահանգները նախատեսում է շարունակել աջակցել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին օգնություն տրամադրելու գործընթացում։»: Մեջբերումն առերևույթ ցույց է տալիս ԱՄՆ-ի գործող վարչակազմի մարդասեր բնույթը: Սակայն, հարկ է նշել, որ հիշյալ ձևակերումը չի կարող վկայել ԱՄՆ-ի գործող վարչակազմի իրապես ժողովրդավար, մարդու իրավունքները հարգող ու պաշտպանող և հումանիստ համբավի մասին առնվազն հետևյալ պատճառներով՝
•երբ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, 2023թ. ապրիլի 23-ին փակել է Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու վրա գտնվող Հակարիի կամուրջը ապօրինի սահմանային անցակետ տեղադրելով կամրջի հարակից հատվածում ու ավելի քան ինը ամիս տևած շրջափակման միջոցով Արցախի Հանրապետության ժողովրդին սովահար անելով և հումանիտար սուր ճգնաժամ առաջացնելով, ԱՄՆ գործող վարչակազմը որևէ գործնական միջոց չի ձեռնարկել դադարեցնելու ցեղասպանության ենթարկվող, իր՝ հազարամյակների բնօրրանում ապրող անմեղ հայ ժողովրդին և ազատելու նրան նավթային դիկտատոր Իլհամի ճիրաններից:
•երբ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, 2023թ. սեպտեմբերի 19-ին չորրորդ անգամ, դիմելով ագրեսիայի, հարձակվել է Արցախի Հանրապետության վրա և երկօրյա պատերազմի ընթացքում օկուպացրել Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի մնացած մասը` ցեղասպանության ենթարկելով Արցախի անմեղ հայության մի մասին, իսկ մեծ մասը` ավելի քան 100.000 մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկվել է ցեղասպանությունից՝ վտարվելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մոտավորապես երեք հազարամյակ անընդմեջ, ԱՄՆ գործող վարչակազմը կրկին որևէ գործնական միջոց չի ձեռնարկել դադարեցնելու քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ Ապշերոնի սուլթան Իլհամի հրամանով իրականացվող հայության ցեղասպանությունը:
Վերոնշյալը նկատի առնելով՝ հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը բնորոշող կանոնադրության կենսունակությունը կարելի է գնահատել ԱՄՆ հաջորդ նախագահի պաշտոնավարման ընթացքում:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ