Ամերիկյան պատվիրակություն վերջերս այցելել էր Հայաստան և քննարկումները սկսվել են, և այդ քննարկումները կշարունակվեն։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Ստրասբուրգում հայ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Թրամփի ուղուն»։
«Այս պահի դրությամբ, շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան։ Իհարկե, ես կարծում եմ, որ նաև խնդիրն այն է, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի ադմինիստրացիան ակնհայտորեն շատ մեծ գլոբալ օրակարգ ունի, բայց համոզված եղեք, որ այդ գլոբալ օրակարգում հենց TRIPP ուղու օրակարգը գտնվում է, շարունակում է գտնվել և Միացյալ Նահանգների, և մեր, և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։
Մեծ հետաքրքրություն կա, բայց այստեղ էլ է այն դեպքը, որ էլի մեր ընկալումն այն է, որ օգոստոսի լույս 9–ի առավոտը նայում ենք էքսկավատորը այնտեղ է, թե չէ։ Եթե չկա էքսկավատորը, ուրեմն սա էլի հերթական ֆեյքն է։ Այդպես չի աշխատում։ Այս պրոցեսները արագ դանդաղ է առանց ընդհատումների, որովհետև այն ինչ որ փորձենք արագ անել, չի ստացվելու։ Պետք է անենք դանդաղ, բայց առանց ընդհատումների։ Հիմա մենք աշխատում ենք դանդաղ, բայց առանց ընդհատումների»,–ասաց նա։
Հարցին՝ օգոստոսի 8–ից հետո մեկ քայլ առաջ արվե՞լ է, Փաշինյանը պատասխանեց. «Քայլ առաջ չի արվել, եղել է պրոցեսի շարունակություն, որովհետև քննարկումներ են սկսվել արդեն կոնկրետ բովանդակությունների վերաբերյալ, նախագծման շուրջ։ Կոնկրետ հիմա մենք աշխատում ենք, թե ով պետք է նախագիծ անի, ո՞նց պետք է նախագիծ անենք, ո՞վ պետք է ֆինանսավորի, որովհետև երկաթուղին պետք է նախագծվի, չէ՞։
Օրինակ, տուն կառուցելու մեր մեթոդը ո՞րն է եղել ավանդական։ Այդ թվում մեր տունը, որոշել ենք տուն կառուցենք, ինչքան փող կա, հավաքեք, գնացինք քար, ցեմենտ առանք, սկսեցինք քանդել, կառուցել։ Տենց չեն կառուցում, պլանավորում են, նախագծում են, նախագիծը պետք է փորձաքննության նայել, տեսնես պատուհանները ճիշտ տե՞ղ ես դրել, որովհետև պարզվում է, որ պատուհանը այնպիսի տեղ ես դրել, որ ամառը շոգից ես խեղդվում, ձմեռը ցրտից սառում ես»։