Սանկտ Պետերբուրգի Նևսկու շրջանի դատարանը 15 հազար ռուբլու վարչական տուգանք է նշանակել բլոգեր Արսեն Մարկարյանին՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի քարոզչության հոդվածով։
РИА Новости-ի փոխանցմամբ՝ դատարանի միացյալ մամուլի ծառայությունը հայտնել է, որ մայիսի 2-ին Մարկարյանը սոցիալական ցանցում հրապարակել էր տեսանյութ, որտեղ ներկայացնում էր որոշակի հոգեմետ նյութի «դրական» ազդեցությունները՝ այն նկարագրելով որպես մտավոր և ֆիզիկական ակտիվության խթանիչ։
Տեսանյութում նշված էին իրավիճակներ, որտեղ այդ նյութի օգտագործումը ներկայացվում էր որպես «միակ ճիշտ ընտրություն»։ Այն դիտել էր ավելի քան 113 հազար օգտատեր, իսկ 4 հազարից ավելի մարդ հավանել էր հրապարակումը։ Լեզվաբանական և հոգեբանական փորձաքննությունը հաստատել է, որ բովանդակությունն իսկապես պարունակում է քարոզչական տարրեր, ինչից հետո դատարանը նշանակել է տուգանքը։
Միևնույն ժամանակ Մարկարյանը շարունակում է մնալ կալանքի տակ մեկ այլ քրեական գործի շրջանակում։ Նոյեմբերին Մոսկվայի Տագանկայի դատարանը երկարացրել էր նրա կալանքը երկու ամսով։ Նա մեղադրվում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 354.1 հոդվածի 4-րդ մասով՝ «Հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորելու» մեջ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ այդ բովանդակությամբ տեսանյութը նա տեղադրել էր համացանցում ոչ ուշ քան փետրվարի 25-ը։
Չնայած հարցաքննության ընթացքում Մարկարյանը չի ընդունել մեղքը, կալանքի վերցվելուց հետո նրա Telegram ալիքում հրապարակվել էր երկար գրառում՝ ներողություն հայցելով այն անձանցից, ում կարող էր վիրավորել իր հրապարակումներով։ Նա նաև հայտնել էր, որ տառապել է երկարատև դեպրեսիայից։




