Նոյեմբերի 11-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության բաժնի ծառայողները օպերատիվ միջոցառում են իրականացրել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչներ 25-ամյա Տիգրան Կիրիշչյանին և 25-ամյա Արամ Կալաջյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն Երևանի քրեական վարչությունում անձնական խուզարկությամբ Ա. Կալաջյանի մոտ ոչինչ չեն հայտնաբերել, իսկ Տ. Կիրիշչյանի մոտ հայտնաբերվել է ընդհանուր 0.2 գ. քաշով փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով և երկու հատ կաթոցիչ, որոնցից մեկը` լցված դեղնականաչավուն զանգվածով, իսկ մյուսը` մոխրացած հետքերով:
Աղբյուրի տեղեկություններով՝ Տ. Կիրիշչյանին և Ա. Կալաջյանին ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են Աթենքի փողոցում: Տ. Կիրիշչյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ է ու ակտիվ մասնակցություն է ունեցել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ՝ Տիգրան Ավինյանի օգտին: