Նախաստորագրումն առավել քան կարևոր պրոցես է, մասնավորապես՝ այդպիսի ներկայացուցչական կազմով: Այն առանցքային կարևորություն ունի ՀՀ-ում հարատև խաղաղության և, հետևաբար, ՀՀ պետականության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարատևության համար: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ տարածքում Ադրբեջանի օկուպացված տարածքների վերադարձին, ապա նախարարը նշել է հետևյալը.
«Մենք վստահ ենք, որ սահմանազատման պրոցեսի արդյունքում խնդիրները կլուծվեն: Հստակ ձևակերպվել են սահմանազատման պրոցեսը և տրամաբանությունը, որն արդեն իրականացվել է Կիրանցում, և նախորդիվ իրականացված սահմանազատման պրոցեսը մեզ վստահություն է տալիս, որ այդ պրոցեսը շարունակական է լինելու:
Կա պայմանավորվածություն, որ սահմանազատման պրոցեսը շարունակվելու է: Եվ ես հավատում եմ, որ այն խնդիրները, որոնք հասցեագրվելու են սահմանազատման գործընթացին, իրենց լուծումն են ստանալու խաղաղ ճանապարհով սահմանազատման գործիքի կիառմամբ:
Մենք սկսել ենք խաղաղության պրոցես, որի ընթացքում բոլոր խնդիրները լուծվելու են»,- ասել է Դավիթ Խուդաթյանը: