Hetq.am-ը գրում է․ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում ընթացքի մեջ է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր առանձնատան կառուցումը։ «Հետքի» նկարահանող խմբի այցելության ժամանակ (հուլիս 2025թ․) շինարարներն առանձնատան դիմացի լողավազանն էին կառուցում։ Գյուղացիները գիտեն, թե դա ում տունն է։
Առանձնատունը գերիշխող դիրք ունի հարակից տների նկատմամբ, կառուցապատվող հողամասը պարփակված է լեռներով։ Առանձնատնից բացվում է տեսարան դեպի Սեւանա լիճ։ Տունը լճի ափից հեռու է մոտ 385 մետր։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ առանձնատունն իր համար չէ, ինքը նախընտրում է Սեւանա լճի ափին գտնվող Նկարիչների միության հանգստյան տունը։ Նշենք, որ այն խորհրդային տարիներին է կառուցվել եւ անմխիթար վիճակում է։
Տիգրան Ավինյանի 66-ամյա հայրը՝ Արմեն Ավինյանը, Շորժայի (ներկայիս անվանումը՝ Շողակաթ) առանձնատան շինարարության թույլտվությունը ստացել է 2022 թ․-ին։ Այդ ժամանակ Շողակաթ բնակավայրը գտնվում էր նույնանուն՝ Շողակաթ համայնքի կազմում, շինթույլտվությունը տրամադրել է Շողակաթի համայնքապետը: Այժմ Շողակաթ բնակավայրն ընդգրկված է Ճամբարակ խոշորացված համայնքի կազմում։ Արմեն Ավինյանին տրված շինթույլտվության համաձայն, Շողակաթ 10-րդ փողոց 8/1 հասցեի հողամասում կառուցվելու են 286 քմ մակերեսով առանձնատուն, լողավազան եւ ոչ հիմնական շինություններ։
2025 թ․-ի հուլիսի դրությամբ առանձնատունն արդեն կառուցվել է, տեղադրվել են պատուհանները(դեռեւս շահագործման հանձնված չէ)։ Առանձնատան անմիջապես կողքին կառուցվել է օժանդակ շինություն, իսկ առանձնատան դիմաց՝ 2 լողավազան։ Լողավազանի տակ եւս շինություն է կառուցվել (ենթադրվում է՝ ավտոկայանատեղի է)։ Առանձնատան հետնամասում էլ մետաղական կոնստրուկցիաներ են տեղադրվել (հավանաբար՝ արեւային էներգիա արտադրող պանելների համար)։ Առանձնատուն տանող ոլորապտույտ ճանապարհը քարապատ է՝ եզրերից բետոնով ամրացված։ Մեր նկարահանման ժամանակ շինհրապարակում կայանված էր 2 ջրային մոտոցիկլ։ Արմեն Ավինյանի առանձնատունը կառուցվում է 2000 քմ հողամասի վրա, որի հարեւանությամբ գտնվող 660 քմ հողամասը եւս պատկանում է նրան։ Թե ինչ միջոցներով եւ որքան գումարով է առանձնատունը կառուցվում՝ մեզ հայտնի չէ։ Սակայն, նման ծավալի շինարարության համար, շինարարների մոտավոր հաշվարկներով, անհրաժեշտ է առնվազն 150-200 հազար դոլար (կահավորումը չհաշված)։
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում։