2020թ. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի զեկույցը խորհրդարան է հանձնվել քարտուղարության միջոցով. «Ես այլ տարբերակ չգիտեմ, բացի ԱԺ քարտուղարությունը, նման զեկույցն ԱԺ նախագահին հասցնելու համար»։
Հիշեցնենք՝ ԱԺ նախագահը երեկ հայտարարել էր, թե հանձնաժողովի զեկույցը Քոչարյանն «իրավական առումով չի էլ հանձնել»։
Քոչարյանը նշել է, որ իրենց նպատակն է ունենալ զեկույց, բայց ամեն ինչ արվում է, որ զեկույցը հանկարծ չհայտնվի. «Տեսեք՝ ընդդիմությունը մի հատ ձայն չի հանում»։
Քոչարյանի խոսքով՝ խնդիրն իրավական է. «Ըստ կանոնակարգ-օրենքի, եթե ժամկետները խախտվել են, նշանակում է՝ զեկույցը չկա։ Իհարկե, դա իրավական առումով վիճահարույց է։ Եթե ընդունում ենք, որ զեկույցը կա, եթե գնում է փակ լսումների, ինչու՞ լիագումար չի գնում։ Եթե լիագումար չի գնում, նշանակում է՝ զեկույցը չկա։ Իսկ եթե կա՝ փակ, թե բաց, նրա հասցեն լիագումար նիստերի դահլիճն է»։
Անդրանիկ Քոչարյանը նաև նշել է, որ հանձնաժողովի անդամների գերակշիռ մեծամասնությունը ծանոթացել է զեկույցին ու ստորագրել առ այդ։
Նշենք, որ հանձնաժողովը զեկույցն ԱԺ է ներկայացրել ժամկետների խախտմամբ, և այս դեպքում, ինչպես ԱԺ նախագահն է նշել, այն չի կարող ներառվել ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։