«8-9 ամիս առաջ ես տեսել եմ 2019 թվականին Արցախի հարցով համանախագահների առաջարկած այն փաստաթուղթը, որը Նիկոլ Փաշինյանը թաքցնում էր հայ ժողովրդից և այդ փաստաթղթի գոյության մասին զուշացրել եմ Արցախի ղեկավարությանը»,- «Իմնեմնիմի» փոդքասթի եթերում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Այն փաստը, որ Հայաստանի կառավարիչներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նոր առաջարկ են արել, նոր փաստաթուղթ են տվել, հանրությունից թաքցվում էր։ Երկար ժամանակ, գրեթե մեկ տարի, մենք խոսում էինք այն մասին, որ կա՛ նոր փաստաթուղթ, իսկ իրենք ասում էին՝ չկա։ Չկա, բայց արտգործնախարարը գնում էր հանդիպումների, չկա, բայց մենք տեղեկություններ էինք ստանում, որ կա՛ այդպիսի փաստաթուղթ։ Ես, օրինակ, Արցախի Հանրապետության ղեկավարությանն ասել եմ, որ կա այդպիսի փաստաթուղթ։ Ասել եմ՝ գնացեք այդ կառավարիչի մոտ ու ասեք, որ ձեզ ցույց տան այդ փաստաթուղթը»,- պատմեց Սերժ Սարգսյանը՝ հավելելով՝ Արցախի ղեկավարությունը բացարձակապես տեղյակ չէր այդ նոր առաջարկից.
«Նրանք զարմացան, ասացին՝ ինչպե՞ս կարող է փաստաթուղթ լինել, ու մենք տեղյակ չլինենք»։
Հետագայում արդեն, 2020 թվականին, ինչպես նշեց Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ կա այդպիսի փաստաթուղթ։ Եվ նույնիսկ այդ փաստաթղթի դեպքում էր հնարավոր փոխզիջումներով հասնել հիմնախնդրի կարգավորման, սակայն Հայաստանի գործող կառավարիչները նույնիսկ այդ վերջին հնարավորություններից մեկը տապալեցին։
«Ճիշտ է, մեր բանակցությունների ժամանակ ԼՂ բնակչության ազատ կամարտահայտումը առանձնացված էր առանձին կետով, իսկ այստեղ նախաբանում էր նշված, բայց սա հնարավորություն կտար, նորմալ բանակցելու պարագայում, այդ կետն էլ առանձնացնել ու գնալ խնդրի լուծման, եթե ճիշտ բանակցվեր»,- ասաց Սերժ Սարգսյանը։




