Արտաշատի 46-ամյա բնակիչ Արտակ Մաթևոսյանի և 15-ամյա Ռուբեն Ռուբենյանի սպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել 5 անձի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` ներկայացնելով դեպքի մանրամասները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 8-ին Արարատի մարզում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով 2 մարդ է մահացել, իրավապահները Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բակում հայտնաբերել են որսորդական հրազենից կրակված մոտ 10 պարկուճ, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին ամբողջությամբ վնասված, և արնանման հետքեր։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերի 8-ին Արտաշատ քաղաքի 46–ամյա բնակիչը զանգահարել է 45-ամյա համաքաղաքացուն և կապված մինչ այդ նրանց զավակների միջև տեղի ունեցած վիճաբանության հետ՝ առաջարկել հանդիպել։
Նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, պայմանավորվածության համաձայն, 46–ամյա տղամարդը որդու, եղբոր, վերջինիս որդու, նույն քաղաքի 22–ամյա բնակչի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ «ՎԱԶ 21063», «ՎԱԶ 2121» և քննությամբ դեռևս չպարզված մեկ այլ մակնիշի ավտոմեքենաներով, նախապես զինված 12մմ տրամաչափի որսորդական հրացանով, այլ տեսակի զենքերով, սուր կտրող-ծակող առարկաներով, փայտե մահակներով, գնացել են 45–ամյա տղամարդու բնակության վայրի՝ Արտաշատ համայնքի Ազատամարտիկների փողոցի տան և մանկապարտեզի հարակից հատված՝ պարզաբանումներ կատարելու նպատակով:
Կողմերի միջև առաջացած վիճաբանության ընթացքում մասնակիցներից մեկը փայտե հաստ կտորով հարվածել է 45–ամյա տղամարդու գլխին, որի հետևանքով վերջինս ընկել է գետնին: Այնուհետև 46–ամյա տղամարդը, նրա որդին, եղբայրը, եղբորորդին, 22–ամյա երիտասարդը և քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք ձեռքերով, ոտքերով հարվածներ են հասցրել գետնին ընկած 45–ամյա տղամարդուն:
Վերջինս, իրենց տնից վերցնելով հոր անվամբ հաշվառված, «ՄՌ» տեսակի որսորդական հրազենը, մի քանի կրակոց է արձակել 46–ամյա տղամարդու և նրա եղբոր ուղղությամբ, որի հետևանքով վերջինիս պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Այդ ընթացքում 46–ամյա տղամարդը և քննությամբ չպարզված անձը իրենց մոտ գտնվող որսորդական հրազեններով կրակոցներ են արձակել 45–ամյա տղամարդու ուղղությամբ, որի հետևանքով վերջինս գլխի, ձախ ձեռքի հատվածներում ստացել է մարմնական վնասվածքներ, սակայն վիճաբանության վայրում գտնվող այլ անձանց միջամտության արդյունքում հիշյալ անձինք, իրենց կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չեն հասցրել։
Բացի այդ, 46–ամյա տղամարդը և նրա հանցակիցները նաև 45–ամյա տղամարդու որդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ տարբեր առարկաներով հարվածներ են հասցրել անչափահաս տղայի մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև քննությամբ դեռևս չպարզված անձի կողմից կրակոցներ են արձակվել վերջինիս ուղղությամբ։ Նրանց հանցակիցներից մեկը կտրող-ծակող առարկայով նաև հարվածել է անչափահաս տղայի թիկնային հատվածին։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Արտաշատ քաղաքի 46–ամյա բնակչին, վերջինիս որդուն, եղբորորդուն, 22–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով (սպանության փորձ, որը կատարվել է այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով և մի խումբ անձանց կողմից) և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 8-րդ կետերով (սպանություն, որը կատարվել է անչափահասի և մի խումբ անձանց կողմից), 45–ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով):
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ հիշյալ անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։