Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վաղվանից նստեք ավտոբուս, պահանջեք բանկային քարտը ճանաչող սարքավորումը, չկա՝ չվճարեք. Մանուկյան

Հասարակական տրանսպորտի համար 100 դրամների պարտադրանքը քաղաքային իշխանությունների խայտառակ որոշումն է, այն մարդու իրավունքների կոպիտ խախտում է, Երևանի քաղաքապետարանի դիմաց հրավիրված ասուլիսին հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

«Դեռ Հայկ Մարությանի քաղաքապետության ժամանակ Telcell ընկերությունը պայմանագիր է կապել Երևանի քաղաքապետարանի հետ՝ միասնական տոմսային համակարգի ներդրման համար։ 2 տարի քաղաքապետարանի քթից բռնած այս ու այն կողմ տանելուց հետո պայմանագիրը խզել են։ Դրանից հետո նորից մրցույթ են հայտարարել և փոխարենն այս ընկերությանը սև ցուցակ գցեին, չթողնեին մասնակցել մրցույթին, նորից Telcell ընկերությունն է հաղթել»,-ասաց Մանուկյանը։

Նա ասաց, թե համաձայն պայմանագրի՝ Telcell ընկերությունն ավտոբուսների դռների վրա պարտավոր էր տեղադրել սենսոր համակարգեր, մինչդեռ դրանք տեղադրված չեն։

Մեսրոպ Մանուկյանն ընկերությանը հարց է ուղղել, թե ինչու չեն տեղադրել սենսոր համակարգերը, ինչին ի պատասխան նշել են, թե քաղաքապետարանից իրենց ասել են, որ ավտոբուսները հագեցած են համապատասխան սարքերով։

«Բացի այդ, ըստ պայմանագրի, Telcell ընկերությունն ու քաղաքապետարանը պետք է տեղադրած լինեին բանկի քարտերը ճանաչող սարքերը. ուղևորն իր քարտով վճարեր և իջներ։ Այս ընկերությունը այդ համակարգը ևս չի ներդրել։ Երևանցիներին կոչ եմ անում, վաղվանից նստեք ավտոբուս, ցույց տվեք բանկային քարտը, պահանջեք այդ սարքավորումը, չկա՝ չվճարեք»,-ասաց Մանուկյանը։

Մեսրոպ Մանուկյանը հայտարարեց, որ պետական հովանավորչությամբ, պետական պարտադրանքով մենաշնորհ են ստեղծում Telcell-ի համար։