Կարմիր բերետավորների կողմից ինձ բերման ենթարկելու մասին տեսանյութերը ևս մեկ անգամ ցույց են տալիս այս գործի աբսուրդ լինելը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, դատարանում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Մենք արդեն երկրորդ տեսանյութն ենք դիտում, արդյո՞ք որևէ մեկը իմ կողմից բռնություն տեսավ, ոչ, որովհետև նման բաներ չեն եղել։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե կան ցուցմունքներ, ու դրանք իրար հակասում են, կա տեսանյութ, նայում ես՝ հասկանալու համար ի վերջո ո՞րն է չափազանցնում։
Այս տեսանյութերը նայելուց հետո մեղադրողը ինչպե՞ս է գրում, թե «եղել է օրինական պահանջ», «մենք մխրճվել ենք», «հարվածքներ ենք ստացել», երբ ակնհայտ երևում է՝ նման բան չի եղել։
Եթե մի բանը սուտ է, ասում ենք, որ սուտ է։ Ձեր վիրավորանքը մեր նկատմամբ այս ամբողջ գործողությունն է»,- նշեց նա։ Նշենք, որ դատարանն անցել էր ապացույցների հետազոտմանը ու դահլիճում ուսումնասիրվում են տեսանյութերը։