ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱՄՆ արդարադատության թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության (DEA) փոխգործակցության շրջանակում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից օդային ճանապարհով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվելու առանձնապես խոշոր չափի «կոկաին» տեսակի թմրամիջոց։
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, վերլուծական աշխատանքների արդյունքում, պարզել են թմրամիջոց տեղափոխող անձի հնարավոր ինքնությունը: Մաքսային հսկողության է ենթարկվել Սան Պաուլո-Դոհա-Երևան ավիաչվերթով «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացի Ջ․ Մ․-ն: Վերջինս ենթարկվել է ռենտգեն սկանավորման, արդյունքում անձի որովայնի շրջանում նկատվել են օտար մարմիններ։
Նշված օտար մարմինները քաղաքացու մարմնից հեռացնելու նպատակով վերջինս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Նրա մարմնից դուրս Է բերվել «կոկաին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ, փոշենման զանգվածների պարունակությամբ 117 գլանաձև փաթեթավորմամբ պարկ: Դրանց ընդհանուր քաշը կազմել է 1620 գրամ: Նշված պատիճների զանգվածները ստուգվել են համապատասխան սարքով և պարզվել է, որ հայտնաբերված զանգվածներն իրենցից ներկայացնում են «կոկաին» տեսակի թմրամիջոց։
Հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների զանգվածների շուկայական արժեքը գերազանցում է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլարը: